Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ոչ ֆորմալ հադիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող օրակարգային տարբեր հարցեր:
«Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին: Վարչապետը ներկայացրել է Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակն ու անթույլատրելի համարել Ադրբեջանի կողմից վերջին օրերին շարունակվող սադրիչ գործողությունները:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ»,-ասված է հաղորդագրությունում:
Հայաստանի վարչապետը Փարիզում էր մարտի 8-ից՝ Ֆրանսիայի նախագահի հրավերով։ Արցախի շուրջ իրավիճակը Փաշինյանը քննարկել է նաև Էմանուել Մակրոնի հետ։ Նա նշել է, որ ինչպես Արցախում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները, ինչի հետևանքով հայկական կողմը մարտի 7-ին ունեցել է մեկ զոհ և վիրավոր: Կողմերը կարևորել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարությունների իրականացումը:
Հայաստանի վարչապետի այցը Ֆրանսիա ավարտվել է երեկ երեկոյան։