Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի բյուջետային աջակցության վարկ կտրամադրի - RadioVan.fm

Онлайн

Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի բյուջետային աջակցության վարկ կտրամադրի

2022-03-09 16:31 , Экономика, финансы, 1211

Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի բյուջետային աջակցության վարկ կտրամադրի

Ազգային ժողովը մարտի 9-ի նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2022թ. հունվարի 11-ին և հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը նշել է, որ նամակ-համաձայնագրով Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) համաձայնում է Հայաստանի Հանրապետությանը Պահուստային ծրագրի ներքո 51 428 միլիոն ՀՓԻ (հատուկ փոխառության իրավունք) համարժեք բյուջետային աջակցության վարկ տրամադրել:

Վարկային միջոցների մասհանումը նախատեսվում է 2022թ. առաջին եռամսյակի ընթացքում: Վարկն ուղղվելու է ՀՀ 2022թ. պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Գևորգ Պապոյանի կարծիքով՝ նպատակը Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստող ենթակառուցվածքների համար գումար ներդնելն է, որպեսզի հետագայում այս և մյուս վարկային միջոցներն ավելի հեշտությամբ սպասարկվեն ու մարվեն:

Ընդդիմադիր պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձել են վարկ վերցնելու նպատակահարմարությանը, փոխարժեքի տոկոսադրույքի տատանումների բացասական հետևանքներին:

Օրենսդիրներն անդրադարձել են ներքին ու արտաքին պարտքի առանձնահատկություններին, վարկի կառուցվածքին, վարկային ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությանը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը պարզաբանումներ է ներկայացրել պատգամավորների մտահոգությունների առնչությամբ: Նա հավաստիացրել է, որ վարկային այս միջոցները որևէ կերպ չեն ֆինանսավորում ընթացիկ ծախսերը, այլ ներդրում է կատարվում ենթակառուցվածքների մեջ՝ հետագայում ՀՆԱ-ի ներուժն ավելացնելու նպատակով:

Лента

Рекомендуем посмотреть