Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը (ԱՀ ՊՆ) հաղորդագրություն է տարածել՝ իրականության հետ ոչ մի կապ չունեցող որակելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն առ այն, որ այսօր՝ մարտի 9-ին, Արցախի Պաշտպանության բանակի (ՊԲ) ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից, իբր, կրակել են ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչից հետո իրենք պատասխան կրակ են բացել։
«Արցախի ՊԲ-ն ոչ միայն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, այլև, ինչպես արդեն նշել ենք ավելի վաղ, մարտի 7-ին և 8-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերից, համապատասխանաբար՝ 2 և 3 անգամ, կրակել են Խրամորթ գյուղի ուղղությամբ»,-ասված է ԱՀ ՊՆ տարածած հաղորդագրությունում։