Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) միջև բանակցությունների 3-րդ փուլը կմեկնարկի Կիևի ժամանակով ժամը 16.00-ին (Երևանի ժամանակով՝ 18:00-ին)։
Twitter-ում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«ՌԴ-ի հետ բանակցություններ։ Երրորդ փուլ։ Սկիզբը՝ Կիևի ժամանակով 16։00-ին։ Պատվիրակությունը՝ անփոփոխ»,-մասնավորապես, գրել է Պոդոլյակը։
Negotiations with the Russian Federation. Third round. Beginning at 16.00 Kyiv time. Delegation unchanged... pic.twitter.com/ycfT9LT0tc
— Михайло Подоляк (@Podolyak_M) March 7, 2022
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահը հայտարարեց Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկի մասին՝ նշելով, որ դրա նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է և ապաազգայնացումը։ Պատերազմին նախորդել էր Ռուսաստանի կողմից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչումը։
Այս օրերին բանակցությունների նպատակով Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակություններն արդեն 2 հանդիպում են ունեցել, 2-ն էլ Բելառուսում։
Բանակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել փետրվարի 28-ին․ ռուսական պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին շուրջ հինգ ժամ տևած բանակցություններից հետո հայտարարել էր, որ «գտնվել են որոշ կետեր, որոնցով կարելի է կանխատեսել ընդհանուր դիրքորոշումները», Միխայիլ Պոդոլյակն էլ ասել էր, որ «կողմերը հստակեցրել են մի շարք առաջնահերթ հարցեր, որոնց ուղղությամբ նշմարվել են որոշակի հստակեցումներ, կողմերը գնում են իրենց մայրաքաղաքներ՝ խորհրդակցելու:
Բանակցությունների 2-րդ փուլը մարտի 3-ին էր․ Կիևը հայտարարեց, որ չի ստացել այն արդյունքները, որոնք ակնկալում էր։ Հաղորդվեց, որ կողմերը ըմբռնման են հասել միայն հումանիտար միջանցքների համատեղ ապահովման հարցում։