Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին մասնակցելու որոշում է կայացրել․ այդ մասին պարզ է դառնում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանի ֆեյսբուքյան գրառումից։
«Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին»,-գրել է ԱԳՆ խոսնակը։
Հիշեցնենք՝ հունվարի 27-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, հնարավոր է, մասնակցեն մարտի 11-13-ը Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորում։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը, փետրվարի 2-ին Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ Երևանում կայացած համատեղ ասուլիսում, հաստատել էր, որ և՛ ինքը, և՛ Ռուբինյանը Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավեր ստացել են, մասնակցության հարցը քննարկվում է։
Միրզոյանն ընդգծել էր, որ չպետք է դա դիտարկել երկկողմ այցի համատեքստում և, մասնակցության որոշում կայացնելու պարագայում, ինքը ոչ միայն խնդիր չի տեսնի։
«Կարծում եմ, որ նույնիսկ, եթե շաղկապենք Հայաստան-Թուրքիա երկխոսության հետ՝ դրական երանգներ հաղորդելուց բացի այլ բան չունի»,-ընդգծել էր նախարարը Միրզոյանը։