Բրիտանական կողմի նախաձեռնությամբ զրուցել են Միրզոյանն ու Քլևերլին - RadioVan.fm

Онлайн

Բրիտանական կողմի նախաձեռնությամբ զրուցել են Միրզոյանն ու Քլևերլին

2022-03-04 18:14 , Политика, 860

Բրիտանական կողմի նախաձեռնությամբ զրուցել են Միրզոյանն ու Քլևերլին

Բրիտանական կողմի նախաձեռնությամբ այսօր՝ մարտի 4-ին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի (ՀՀ ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության (ՄԹ) Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Ջեյմս Քլևերլիի հետ։

ԱԳՆ պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ջեյմս Քլևերլիին պետնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության մեջ։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին՝ նշելով, որ անցած ժամանակաշրջանում մեծ աշխատանք է կատարվել երկկողմ հարաբերությունների կայացման ուղղությամբ: Կողմերն ընդգծել են ընդհանուր արժեքների և փոխվստահության վրա հիմնված համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու պատրաստակամությունը։

Ընդգծվել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացի նշանակությունը՝ այս համատեքստում կարևորելով նաև Միացյալ Թագավորության կողմից ցուցաբերված աջակցությունը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմի, ինչպես նաև՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը:

Անդրադառնալով հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, իսկ հարյուրավոր անհայտ կորածների, այդ թվում՝ տասնյակ բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չբացահայտված:

Քննարկվել են նաև միջազգային օրակարգին վերաբերող այլ հարցեր:

Лента

Рекомендуем посмотреть