ՀայՓոստ ՓԲԸ-ից հայտնում են, որ փոստային առաքումներն իրականանում են անխափան և բնականոն տեմպով, ընկերությունը շարունակում է իրականացնել առաքումները դեպի արտասահմանյան երկրներ հնարավորինս կարճ ժամկետներում:
«Չնայած միջազգային լոգիստիկ երթուղիների խափանմանը, միջազգային փոստփոխանակումը պատճաճ ապահովելու համար՝ ՀայՓոստը մշակել է այլընտրանքային երթուղիներ, որոնք թույլ են տալիս միջազգային առաքումներ կատարել ավելի քան 170 երկիր։
Միաժամանակ հարկ է նշել, որ դեպի Ռուսաստանի Դաշնություն և Բելառուս փոստի առաքումը, ինչպես նաև ՀայՓոստի արագացված սուրհանդակային ծառայությունը (EMS) շարունակում է գործել անխափան»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում։
ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանի խոսքով՝ դեռ 2020 և 2021 թվականներին իրենք մշակել են այլընտրանքային երթուղիներ միջազգային փոստփոխանակման համար, ինչը այսօր թույլ է տալիս այս բարդ ժամանակահատվածում շարունակել իրականացնել միջազգային առաքումներ:
«Ավելին, ավելացրել ենք ՀայՓոստի կողմից սպասարկվող ուղղությունների ցանկը՝ հասցնելով դրանք 178-ի: Իսկ դեպի Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ) այսօր ՀայՓոստ ընկերությունն առաջարկում է հուսալի և արագ սուրհանդակային ծառայություն, որն ավելի մատչելի է, քան այլ կազմակերպությունների կողմից մատուցվող նմանատիպ ծառայությունները»,-ընդգծել է գործադիր տնօրենը:
ՀայՓոստ-ից շեշտում են՝ առաքանիներ են ուղարկում նաև Ուկրաինա։
ՀայՓոստի ծառայությունների վերաբերյալ մանրամասները՝ հետևյալ հղմամբ։