Գազի սակագինը բարձրանում է կալորիայի պատճառով, ջերմատվությունը լինելու է բարձր, առաջիկա 10 տարիներին էլ սահմանին 165 դոլար գինը պահպանվելու է․ պարզաբանումներ - RadioVan.fm

Онлайн

Գազի սակագինը բարձրանում է կալորիայի պատճառով, ջերմատվությունը լինելու է բարձր, առաջիկա 10 տարիներին էլ սահմանին 165 դոլար գինը պահպանվելու է․ պարզաբանումներ

2022-03-03 15:20 , Политика, 799

Գազի սակագինը բարձրանում է կալորիայի պատճառով, ջերմատվությունը լինելու է բարձր, առաջիկա 10 տարիներին էլ սահմանին 165 դոլար գինը պահպանվելու է․ պարզաբանումներ

Սպառողներին մատակարարված գազի սակագնի ավելացման հիմնական խնդիրը եղել է կալորիայի արդեն իսկ հաշվառման խնդիրը, սակագինը հիմա բարձրանում է, բայց կալորիայի խնդիր այլևս չի լինի, որովհետև եթե գազի ջերմատվությունը լինելու է բարձր, մենք ուղղակի քիչ ենք սպառելու, դրա հետ կապված գնի համարժեք բարձրացումը չի երևալու ոչ մի բաժանորդի վրա. Կառավարության այսօրվա նիստում ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով բնական գազի սակագնի փոփոխության հարցին։

«Ուզում եմ տեղեկացնել, որ դեռևս 2013 թվականից, երբ «Գազպրոմ Արմենիան» «Գազպրոմ Էքսպորտի» հետ կնքել է պայմանագիր, արդեն իսկ եղել է կալորիայով ճշգրտման բանաձև: Եվ այս ութ տարիների ընթացքում տարբեր խնդիրներով, քանի որ կուտակված էին բազմաթիվ խնդիրներ «Գազպրոմ» ընկերության հետ, այդ կալորիայի ճշգրտման բանաձևն անընդհատ հետաձգվել է, և իր տրամաբանական հանգուցալուծմանն է հասել արդեն 2022 թվականին, որովհետև կառավարության հետ համատեղ, կարելի է ասել, գրեթե բոլոր այս 8-9 տարիների կնճռոտ հարցերը «Գազպրոմի հետ» ավարտին ենք հասցնում: Լուծվում է և՛ «Գազպրոմ Արմենիայի» Հրազդանի 5-րդ էներգաբլոկի շահութաբերության խնդիրը, և՛ առաջիկա 10 տարիների համար 165 դոլար սահմանին գազի գինը պահպանելու խնդիրը և կալորիայով: Արդեն իսկ տրամաբանական է, որ մեր սակագնային հաշվարկները պետք է իրականացնեինք այդ կալորիայի ճշգրտումով, որովհետև այդ հարցով միշտ հետաձգվում էինք նաև այս խնդիրների լուծման համար:

Ուզում եմ նաև նշել, որ կալորիան դա գազի ջերմատվության խնդիր է: Կոնկրետ սակագինը հիմա բարձրանում է կալորիայի պատճառով: Որոշակի բարձրացում կլինի, բայց կալորիայի խնդիր այլևս չի լինի, որովհետև եթե գազի ջերմատվությունը լինելու է բարձր, մենք ուղղակի քիչ ենք սպառելու, դրա հետ կապված գնի համարժեք բարձրացումը չի երևալու ոչ մի բաժանորդի վրա: Եվ նույնն էլ հակառակը՝ եթե ավելի ցածր լինի, ավելի շատ ենք սպառելու, գինն էլ համապատասխանաբար նվազեցվելու է»,-պարզաբանել է Բաղրամյանը՝ նշելով, որ բոլոր երեք ծառայություններում՝ և՛ խմելու ջրում, և՛ գազում, և՛ էլեկտրաէներգիայում սոցիալապես անապահով սպառողների գները չեն փոխվել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնել է, որ, դեռևս նախորդ տարվանից, ՀՀ մատակարարվող գազի կալորիականությունը փոխվել է, այսինքն՝ ավելացել է, և ըստ էության, ՀՀ-ում նախորդ մեկ տարվա ընթացքում սպառված նույն խորանարդ մետր գազի դիմաց ավելի մեծ կալորիա է ստացվել:

«Այսինքն՝ միավոր ջերմատվությունն ավելացել է: Այս հաշվարկը մենք այս ընթացքում արել ենք միայն ջերմաէլեկտրակայանների հետ կապված, բայց մյուս քաղաքացիների նկատմամբ այդ հաշվարկը չի արվել: Այսինքն՝ փաստացի ավելի կալորիականությամբ գազ է օգտագործվել, բայց վճար չի պահանջվել: Հիմա, տարբեր հանգամանքներից ելնելով, գիտեք, որ օրինակ՝ Եվրոպայում 1000 խմ գազի գինը հասել է 2400 դոլարի: Այս իրավիճակում գազի շուկայի նկատմամբ զգայունությունն ավելանում է, և մենք միջոցներ ենք ձեռնարկել, ՀՀ-ի գազի գինը 165 դոլար 1000 խմ-ի համար, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, պահպանելու համար: Այստեղ ավելացել է պարզապես կալորիականության գործակից, որը մինույն ժամանակ շուրջ 100 000 սոցիալապես անապահով ընտանիքների համար չի հաշվարկվում և ինչպես գիտեք որոշակի փոխհատուցում ենք տալիս մեր սահմանամերձ գյուղերի բնակիչներին: Շատ կարևոր է, որ տեղի ունեցածը ճիշտ համատեքստում ներկայացվի, որպեսզի մեր քաղաքացիներն իմանան ճիշտ գնահատել, թե ինչ է տեղի ունենում»,-ընդգծել է Փաշինյանը։

ՀԾԿՀ նախագահն էլ ուշադրություն է հրավիրել փաստի վրա, որ սոցիալապես անապահովների խմբից բացի, սուբսիդավորվում է սահմանամերձ գյուղերի ամբողջ ծառայությունների մատուցման 50 տոկոսը։

«2021 թվականին 762 մլն դրամի սուբսիդիա է տրամադրվել բաժանորդներին: Շուրջ 23000 բաժանորդ ունենք էլեկտրաէներգետիկական համակարգում և շուրջ 8500 շահառու ունենք գազամատակարարման համակարգում»,-ասել է ՀԾԿՀ նախագահը:

Հիշեցնենք՝ գազի սակագինն ապրիլի 1-ից սովորական սպառողների համար կբարձրանա 4․7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ․ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) մարտի 1-ին կայացած նիստում քննարկել և բավարարել էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին հայտը:

Հանրապետությունում 2022-ի հունվարի 1-ից թանկանցել է նաև ջուրը․ սպառողները մեկ խորանարդ մետր ջրի դիմաց նախկին 180 դրամի փոխարեն վճարում են 223,7 դրամ, անապահով խավի համար սակագինը չի փոխվել։

Փետրվարի 1-ից էլ բարձրացել է էլեկտրաէներգիայի սակագինը՝ նախկին՝ ցերեկային՝ 1 կՎտժ-ի դիմաց 45, գիշերայինի՝ 35 դրամ սակագները բնակչության համար միջինում բարձրացել է 4,7 դրամով, սոցիալապես անապահով ընտանիքների (բնակիչ-բաժանորդների շուրջ 11%-ի) համար գործող սակագները մնացել են անփոփոխ։

Лента

Рекомендуем посмотреть