ՀՀ առողջապահության նախարարությունը (ԱՆ) Իրավական ակտերի նախագծերի հրապարակման՝ e-draft.amհարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը, ըստ որի առաջարկվում է հանրային սննդի օբյեկտներում արգելել աղամանի առկայությունը սեղանի վրա՝ առանց սպառողի կողմից պահանջի ներկայացման։ Խախտման դեպքում՝ առաջարկվում է տնտեսվարողին տուգանել՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
Որպես հիմնավորում նախարարությունը ներկայացնում է միջազգային վիճակագրական տվյալներն ու նշում, որ նախագծերի ընդունումը կբերի աղի օգտագործումը չարաշահող անձանց քանակի նվազեցմանը և, որպես արդյունք, կբերի ոչ վարակիչ հիվանդություններով (ՈՎՀ) հիվանդացության նվազեցմանը։
«Ապացուցողական բժշկության տվյալները վկայում են, որ ոչ վարակիչ հիվանդությունների զարգացումը սերտորեն կապված է ապրելակերպի առանձնահատկությունների հետ: Առավել տարածված չորս ՈՎՀ-ը՝ արյան շրջանառության համակարգի հիվանդությունները (ԱՇՀՀ), չարորակ նորագոյացությունները (ՉՆ), շաքարային դիաբետը (ՇԴ) և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունները (ԹՔՕՀ), ինչպես նաև դրանց զարգացման վարքագծային և կենսաբանական ռիսկի գործոնները (ծխախոտի օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, անառողջ սննդակարգը, այդ թվում աղի չարաշահումը, ֆիզիկական թերակտիվությունը և այն) հանրային առողջության համար մարտահրավերներ են: ՈՎՀ-ով պայմանավորված բեռը բնակչության մահացության ընդհանուր կառուցվածքում կազմում է շուրջ 93%: Առավել տարածված 4 ՈՎՀ-ից մահացության բեռը կազմում է շուրջ 80%:
Ոչ վարակիչ հիվանդությունները ամբողջ աշխարհում հանդիսանում են վաղաժամ մահվան հիմնական պատճառ: Հետազոտությունները վկայում են, որ աղի չարաշահումը նպաստում է սիրտանոթային համակարգի հիվանդությունների և ինսուլտների առաջացման ռիսկի բարձրացմանը: Ընդ որում ամեն տարի 17.9 միլիոն մարդ մահանում է սիրտանոթային համակարգի հիվանդություններից:
Համաձայն միջազգային տվյալների` բնակչության շրջանում տարեկան մեկ շնչի հաշվով օգտագործվում է շուրջ 7 կգ աղ կամ աղային թանձրուկներ, որի արդյունքում օրգանիզմում նատրիումի քանակությունը գերազանցում է սահմանված նորմը: Օրական օգտագործվող աղի չափաբաժնի նվազեցումը 3 գրամով կարող է 13%-ով նվազեցնել սրտամկանի կաթվածների թիվը: Համաձայն ԱՀԿ-ի՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը (օրական <2 գրամ նատրիումին համարժեք), մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմը»,-նշվում է հիմնավորման մեջ:
«2016-2017 թթ. ԱՀԿ STEP մեթոդաբանությամբ իրականացված հետազոտության (STEPS) տվյալների` չափահաս բնակչության 35%-ը սնվելիս մշտապես կամ հաճախ աղ է ավելացնում կերակրին (տղամարդկանց 40.3% և կանանց 30.1% ուտելուց առաջ կամ ընթացքում մշտապես կամ հաճախակի կերակրին աղ են ավելացնում), իսկ 71%-ը տանը կերակուր պատրաստելիս մշտապես աղ է ավելացնում: Բնակչության 10-ից 3-ն օգտագործում է մեծ քանակությամբ վերամշակված աղի սնունդ: Բնակչության 21.5%-ը նշել է, որ շատ կամ չափից շատ աղ կամ աղային թանձրուկներ է օգտագործում:
Աղի ընդունման նվազեցումը ԱՀԿ-ի կողմից ճանաչվում է որպես առաջարկվող ամենածախսարդյունավետ միջամտություններից մեկը, որն ուղղված է ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության նվազեցմանը:
Մեր սննդակարգում աղի քանակի նվազեցումը կարևոր քայլ է սրտանոթային հիվանդությունների (հիպերտոնիայի, ինսուլտի, սրտի անբավարարության և սրտի այլ հիվանդությունների) և երիկամների քրոնիկ հիվանդության առաջացման ռիսկը նվազեցնելու համար»,-ասված է նախագծի հակիրճ բնութագրում։
Հավելենք՝ ցանկացողներն իրենց դիտողություն-առաջարկները կարող են ներկայացնել մինչև մարտի 17-ը։