2021-ի դեկտեմբերի դրությամբ հսկողության տակ է գտնվել լսողության խանգարում ունեցող մինչև 18 տարեկան 1157 երեխա - RadioVan.fm

Онлайн

2021-ի դեկտեմբերի դրությամբ հսկողության տակ է գտնվել լսողության խանգարում ունեցող մինչև 18 տարեկան 1157 երեխա

2022-03-03 16:38 , Общество, 1107

2021-ի դեկտեմբերի դրությամբ հսկողության տակ է գտնվել լսողության խանգարում ունեցող մինչև 18 տարեկան 1157 երեխա

2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ` «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ սուրդոլոգիական դիսպանսերի հսկողության տակ է գտնվել լսողության խանգարում ունեցող մինչև 18 տարեկան 1157 երեխա. Տվյալն այսօր՝ Լսողության պահպանման միջազգային օրվա շրջանակում, հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ նորածինների լսողության սքրինինգային ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2008 թվականից, իսկ 2018-ից այն արդեն իրականացվում է հանրապետության ամբողջ տարածքում:

Լսողության սքրինինգի շրջանակներում 2021 թվականին Հայաստանում իրականացվել է 33 177 հետազոտություն: Սքրինինգի արդյունքում հայտնաբերված երեխաները վերցվել են հսկողության` լսողության պրոթեզավորման կամ կոխլեար իմպլանտացիայի նպատակով:

Պետական պատվերի շրջանակում 2021 թվականին կատարվել է 1-ից 4.5 տարեկան 18 երեխայի կոխլեար իմպլանտացիայի վիրահատություն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` բնակչության 5%-ից ավելին կամ 466 միլիոն մարդ (432 մլն մեծահասակ և 34 մլն երեխա) ունի լսողության կորուստ:

Մինչև 15 տարեկան երեխաների լսողության կորստի դեպքերի 60%-ի պատճառներից են.

  • վարակները` կարմրուկ, կարմրախտ, խոզուկ, մենինգիտ, ցիտոմեգալովիրուսային վարակ, միջին ականջի քրոնիկ օտիտ (31%),
  • պտղի ասֆիքսիան ծնվելիս, անհասությունը, ծնվելիս ցածր քաշը, դեղնուկը, ծննդաբերական բարդությունները (17%),
  • օտոտոքսիկ (լսողության ֆունկցիայի վրա վնասակար ազդեցություն ունեցող դեղեր) դեղերի կիրառումը հղիների և կրծքի հասակի երեխաների շրջանում (4%),
  • Այլ (8%):

Ըստ ԱՀԿ-ի` կանխարգելիչ միջոցառումներն են՝

  • երեխաների իմունիզացիան կարմրուկի, կարմրախտի, խոզուկի, մենինգիտի դեմ,
  • դեռահասային և վերարտադրողական տարիքի աղջիկների և կանանց պատվաստումը կարմրախտի դեմ մինչև հղիությունը,
  • ականջի համապատասխան խնամքի պահպանումը,
  • բարձր աղմուկի ազդեզության նվազեցումը,
  • միջին ականջի օտիտի սքրինինգը և համապատասխան վարումը,
  • լսողության համար վտանգ ներկայացնող դեղերի կիրառման բացառումը կամ սահմանափակումը,
  • նորածնային սքրինինգը,
  • իրազեկումը դեռահասների շրջանում:

«Խնդիրների վաղ հայտնաբերումն ու համապատասխան միջոցառումների կիրառումը հիմնական գործոններն են, որոնք կարող են նվազեցնել լսողության կորստի ազդեցությունը երեխայի զարգացման և առաջադիմության վրա: Մինչև երեխայի խոսքի զարգացումը խնդիրը հայտնաբերելու, լսողական սարքով ապահովելու կամ վիրահատություն կատարելու դեպքում` հնարավոր է ապահովել երեխայի խոսքի զարգացումը և հետագայում սոցիալական հարմարեցումը»,-շեշտում է առողջապահական գերատեսչությունը տարածած հաղորդագրությունում։

Հավելենք՝ Մարտի 3-ը՝ որպես Լսողության պահպանման միջազգային օր նշելու նպատակը լսողության կորստի և խլության կանխարգելման, ինչպես նաև լսողության և ականջի առողջության պահպանման վերաբերյալ իրազեկման բարձրացումն է ամբողջ աշխարհում:

Այս տարի Լսողության պահպանման միջազգային օրվա կարգախոսն է. «Ողջ կյանքի ընթացքում լսելու համար անհրաժեշտ է խնայել լսողությունը», որը նվիրված է լսողության կորստի կանխարգելման նշանակությանը և մեթոդներին, մասնավորապես` անվտանգ լսելուն:

Лента

Рекомендуем посмотреть