Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Վահագն Խաչատուրյանին՝ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
«Մեծարգո՛ պարոն Խաչատուրյան,
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Թող Ձեր հարուստ փորձը, գիտելիքներն ու ունակությունները մեծապես նպաստեն այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում Ձեր պարտականությունների հաջող և արդյունավետ իրականացմանը՝ շարունակաբար ամրապնդելով ու զորացնելով հայոց պետականությունը և հայ ժողովրդին տանելով դեպի հուսալի ու պայծառ ապագա:
Համոզված ենք, որ Ձեր գործունեության մեջ հատուկ տեղ են զբաղեցնելու, ի թիվս այլ հարցերի, նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, Արցախի Հանրապետության զորացմանը և արցախցիների իրավունքների ու շահերի պաշտպանությանն առնչվող հարցերը:
Կրկին շնորհավորում եմ Ձեզ, մեծարգո՛ պարոն Նախագահ, և մաղթում քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք»,-ասված է Հարությունյանի շնորհավորական ուղերձում:
Վահագն Խաչատուրյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ՝ ՀՀ Ազգային ժողովում այսօր կայացած գաղտնի քվեարկության արդյունքում։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանին՝ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։