Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթական տեսաուղերձում հայտնել է, որ ռուսական զորքերին դիմակայելու համար արդեն Ուկրաինա են ժամանում 16 հազար օտարերկրյա կամավորներից առաջինները։
«Նրանք գալիս են պաշտպանելու ազատությունը, պաշտպանելու կյանքը մեզ համար։ Եւ, եթե ինչ-որ մեկը կարծում է, որ այս ամենը հաղթահարելով՝ ուկրաինացիները կվախենան, կկոտրվեն կամ հանձնվեն, ապա ոչինչ չգիտի Ուկրաինայի մասին»,-ասել է Զելենսկին։
Հիշեցնենք՝ փետրվարի 27-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օտարերկրացիներին կոչ էր արել գալ Ուկրաինա և ռուսական զորքերի դեմ պայքարի համար միանալ Տարածքային պաշտպանության միջազգային լեգեոնին։
UNIAN գործակալությունը գրում է, որ, համաձայն Ուկրաինայի՝ զինված ուժերում օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց զինվորական ծառայության մասին կանոնակարգի, որը հաստատվել է նախագահի՝ 2016 թվականի հունիսի 10-ի հրամանագրով, օտարերկրացիներն իրավունք ունեն պայմանագրային հիմունքներով կամավորագրվելու Ուկրաինայի զինված ուժեր, այդ թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի Տարածքային պաշտպանության ուժեր: Օտարերկրացիներից ձևավորվում է առանձին ստորաբաժանում՝ Ուկրաինայի Տարածքային պաշտպանության միջազգային լեգեոն։ Զելենսկին մարտի 1-ին առանց վիզայի ռեժիմ է սահմանել այն օտարերկրացիների համար, ովքեր ցանկանում են միանալ Ուկրաինայի միջազգային պաշտպանության լեգեոնին։ Առանց վիզայի ռեժիմը մտցվել է ժամանակավորապես՝ ռազմական դրության ժամկետի համար։