Իսագուլյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է - RadioVan.fm

Онлайн

Իսագուլյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է

2022-03-03 16:32 , Право, 1145

Իսագուլյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեից (ՔԿ) հայտնում են, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գ. Իսագուլյանի կողմից՝ ՀՀ վարչապետիև Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի հանգամանքները:

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Գ. Իսագուլյանը, մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում, գիտակցելով, որ իր կողմից տրամադրվող տեղեկատվությունը կեղծ է, հայտնել է չկատարված հանցագործության մասին, որը զուգորդվել է ՀՀ վարչապետին և Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին առանձնապես ծանր հանցագործության, մասնավորապես՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, օտարերկրյա պետությանը թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու մեջ մեղադրելով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գ. Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին»,-ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն Գառնիկ Իսագուլյանի ձերբակալման մասին հայտնեց 2021-ի դեկտեմբերի 21-ին։ Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 22-ին, Ուկրաինայում ՀՀ դեսպանի՝ իբր լրտես լինելու մասին հայտարարության համար Իսագուլյանը կալանավորվեց։

Лента

Рекомендуем посмотреть