Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Ուղերձում նշված է.
«Հարգելի պարոն Խաչատուրյան.
Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով:
Դուք Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնում եք Հայաստանի ապագայի համար կարևոր ժամանակահատվածում, երբ գտնվում ենք տարածաշրջային և միջազգային մարտահրավերների բարդ շրջանում:
ՀՀ Սահմանադրությամբ Հանրապետության Նախագահը վերկուսակցական գործունեություն է ծավալում և իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:
Ձեր հարուստ կենսագրությունն ու փորձը, բարձր անձնական հատկանիշները վստահություն են ներշնչում, որ Նախագահի լիազորություններն իրականացնելիս կլինեք հենց այդպիսին և կնպաստեք իշխանության օրենսդիր, գործադիր, դատական թևերի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և հավասարակշռմանը:
Կրկին անգամ ընդունեք խնդրեմ իմ շնորհավորանքները և լավագույն մաղթանքները՝ մեծարգո պարոն Նախագահ»:
ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ մարտի 3-ին գաղտնի քվեարկությամբ, 71 քվեով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Վահագն Խաչատուրյանին ընտրել է Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ նախագահի իրենց թեկնածուի՝ 65 պատգամավորի ստորագրությամբ առաջադրումը վստահություն է հաղորդում, որ նա ոչ միայն առաջադրվել է, այլև կընտրվի այդ պաշտոնում։