«Թևակոխում ենք Երասխ-Սադարակ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածի, մասնավորապես՝ Մեղրիի տարածաշրջանում դաշտային աշխատանքներին»,-այդ մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի՝ Մեղրիում և Երասխում շուրջ 43 կմ հատվածում գեոդեզիական աշխատանքների իրականացման համար ՀՀ Կառավարության բյուջեում վերաբաշխում կատարելու մասին հարցի քննարկմանը։
«Առկա հատվածներում կուսումնասիրվեն թունելներ, սրահներ, կայարաններ, հատումների հատվածներ, ոռոգման խողովակաշարեր և այլն։ Դրանց մասնագիտական գնահատման անհրաժեշտություն կա։ Մասնագիտական խումբ ենք գործուղում այնտեղ, խմբի հետ կաշխատեն նաև «Հարավկովկասյան երկաթուղու» մեր 2 գործընկեր, որը հիմք կհանդիսանա հետագա տեխնիկական առաջադրանքի և նախագծի պատվիրման համար»,-ներկայացրել է նախարարը:
«Սա շատ կարևոր իրադարձություն է։ Ուզում եմ հույս հայտնել, որ մենք զուգահեռ դե յուրե կարձանագրենք այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել 2021 թվականին Սոչիի և Բրյուսելի եռակողմ հանդիպումների ընթացքում»,-ասել է Փաշինյանը՝ նշելով, որ այս ամենը դիտարկվում է «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակներում: