Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ Սահմանադրական դատարան (ՍԴ) դիմելու միջնորդությունը։
Նշենք՝ Հայկ Ալումյանը միջնորդել է դիմել Սահմանադրական դատարան, պնդելով, որ այն, որ դատարանը օրենքով հնարավորություն չունի պարզաբանելու Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքը, հակասում է Սահմանադրության 67-րդ հոդվածի 1 կետին և 63 հոդվածի 1 մասին։ Քոչարյանը նախորդ նիստին պնդել էր, թե այս ողջ ընթացքում, նաև՝ հրապարակային ելույթներում, ասել է, որ չի հասկանում, թե ինչի մեջ են իրեն մեղադրում։ Փաստաբանը դատավորին առաջարկել էր այս փուլում կասեցնել գործի քննությունը և դիմել Բարձր դատարան՝ այս խնդիրը հանգուցալուծելու համար։
Աննա Դանիբեկյանի այսօրվա դատական ակտը կարող է բողոքարկվել Վերաքննիչ քրեական դատարան՝ ստանալու պահից 10-օրյա ժամկետում։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբից հայտնում են, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 15-ին, ժամը 13:00-ին։