ՀՀ նախագահի թեկնածուն ընդունելի է համարում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու գաղափարը, կարևորում՝ ազգային մոբիլիզացիան ու հաշտեցումը - RadioVan.fm

Онлайн

ՀՀ նախագահի թեկնածուն ընդունելի է համարում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու գաղափարը, կարևորում՝ ազգային մոբիլիզացիան ու հաշտեցումը

2022-03-02 15:43 , Политика, 1113

ՀՀ նախագահի թեկնածուն ընդունելի է համարում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու գաղափարը, կարևորում՝ ազգային մոբիլիզացիան ու հաշտեցումը

«Սահմանադրության մեջ ամրագրված նորմերը որոշակի հակակշիռների մեխանիզմներ են նախատեսում, որոնք կոչված են ապահովելու իշխանության երեք թևերի` օրենսդիրի, գործադիրի և դատականի ներդաշնակությունը` ուղղված Սահմանադրությամբ նախատեսված պետական կառավարման համակարգի անխափան գործելուն` անկախ իրավիճակներից: Այս համակարգում իր ուրույն տեղն ունի նաև ՀՀ նախագահի ինստիտուտը, որը, ըստ Սահմանադրության, պետության գլուխն է և հետևում է Սահմանադրության պահպանմանը»,-ՀՀ Ազգային ժողովում (ԱԺ) Հանրապետության նախագահի ընտրության հարցի քննարկմանը նշել է թեկնածուն:

Վահագն Խաչատուրյանի խոսքով՝ քաղաքական ոչ մի համակարգ իդեալական լինել չի կարող. և՛ նախագահական, և՛ խորհրդարանական քաղաքական համակարգերը բոլոր պետություններում իրենց առավելություններով հանդերձ ունեն որոշակի թերություններ ու բացթողումներ:

«30 տարեկան դարձած մեր Հանրապետությունն իր գոյության կարճաժամկետ այս հատվածում շատ ձեռքբերումների կողքին ունեցել է նաև անդառնալի մարդկային կարուստներ»,-շեշտել է բանախոսը:

Խոսելով մեր երկրի քաղաքական համակարգի կառուցվածքի մասին՝ թեկնածուն ընդգծել է.

«Քաղաքական համակարգն առաջին հերթին քաղաքական ինստիտուտների փոխադարձ կապի և փոխազդեցության համակարգ է, որտեղ պետական իշխանության յուրաքանչյուր մարմին ունի օրենքով սահմանված գործառույթներ և լիազորություններ, որոնք հնարավորություն են տալիս նրանց կատարելու ոչ միայն իրենց ֆունկցիոնալ պարտականությունները, այլև անհրաժեշտության դեպքում հակակշռելու միմյանց»:

Ըստ Վահագն Խաչատուրյանի՝ միայն այդ դեպքում է հնարավոր ապահովել ժողովրդավարությունը, իշխանությունների կայունությունը, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

Թեկնածուն կարևորել է ազգային մոբիլիզացիան ու հաշտեցումը:

Ըստ զեկուցողի՝ մի երկրի ժողովրդավարությունը կարող է տարբեր լինել մյուսից, սակայն այս կամ այն երկրի քաղաքական համակարգին պետք է բնորոշ լինեն իշխանության տարանջատումը, օրենքի գերակայությունը, զանգվածային լրատվության միջոցների ազատությունը, քաղաքական մրցակցությունը, իշխանափոխությունն ու ազատ ընտրությունները:

Վահագն Խաչատուրյանն իր ելույթում մանրամասն անդրադարձել է մեր պետության կայացման տարբեր փուլերին, այդ թվում` 2018 թ. տեղի ունեցած հեղափոխությանը, երբ արմատական փոփոխությունների անհրաժեշտություն կար:

Հանրապետության նախագահի թեկնածուն խոսել է նաև հետպատերազմյան դեռևս չհաղթահարված խնդիրների մասին: Նա նշել է, որ առաջ շարժվելու և դժվարությունները հաղթահարելու հարցում հաջողություն ունենալու լավագույն գրավականը միասնականությունն է:

Ադրբեջանում պահվող ռազմագերիների և այլ անձանց հայրենադարձման հարցում Հանրապետության նախագահի դերին վերաբերող հարցադրմանն անդրադառնալով` Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Հանրապետության նախագահի ինստիտուտը ներկայացուցչական մարմին է և պարտավոր է այս հարցում հնարավորություններն օգտագործել: Այս համատեքստում թեկնածուն առանձնակի կարևորել է պետական ինստիտուտների համատեղ աշխատանքն ու համակարգված գործողությունները:

«Արդյո՞ք Վահագն Խաչատուրյանը ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահն է» հարցին ի պատասխան՝ թեկնածուն վստահեցրել է, որ Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը պարտավոր է լինել ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահը և հավելել.

«Միգուցե իմ թեկնածությունն ընտրել եք՝ այդ հանգամանքը հաշվի առնելով»:

Վահագն Խաչատուրյանը համոզմունք է հայտնել, որ Հանրապետության նախագահը պետք է ներդաշնակ աշխատի պետական իշխանության տարբեր թևերի, նաև՝ ոչ իշխանական ուժերի, քաղաքական կուսակցությունների, ՀԿ-ների, Սփյուռքը ներկայացնող կազմակերպությունների հետ:

«Կարծում եմ՝ Հանրապետության նախագահի՝ Սահմանադրության շրջանակում լիազորությունները բավարար են, որ նա լիարժեք հանդես գա որպես իշխանության գլուխ»,- փաստել է թեկնածուն:

Անդրադարձ է եղել երկրի անվտանգությանն ու տնտեսական զարգացումներին:

«Մեր երկրի համար առաջնային է անվտանգության հարցը: Մենք տնտեսական, սոցիալական ձեռքբերումներ կունենանք, երբ մեր անվտանգային համակարգերը պաշտպանված լինեն»,- ասել է Հանրապետության նախագահի թեկնածուն՝ կարևորելով անվտանգ տարածաշրջան ունենալը:

Նշվել է, որ տնտեսության զարգացման լավագույն խթան են կոռուպցիայի նվազումը, մրցակցության ավելացումը և այլընտրանքների մեծացումը: Ըստ նրա` բարձր տեխնոլոգիական տնտեսությանն այլընտրանք չկա: Խոսելով տնտեսության զարգացման այլընտրանքային ուղիների մասին` բանախոսն ընդգծել է տարածաշրջանային համագործակցության ընդլայնումն ու ճանապարհների բացումը:

Ընդդիմությանը կառուցողական դաշտ բերելու հնարավորություններին առնչվող հարցին ի պատասխան` Վահագն Խաչատուրյանը կարծիք է հայտնել, որ հասարակության որոշակի խավ ձայն է տվել ընդդիմությանը, և վերջինս այդ պատասխանատվությունը գիտակցում է: Ըստ բանախոսի` այդ պատասխանատվությունն իրականացնելու համար ընդդիմությունը կարիք ունի համագործակցության: Նա նշել է, որ կան լուծման կարիք ունեցող համընդհանուր խնդիրներ:

Թեկնածուն մանրամասնել է նաև խաղաղության օրակարգի առաջմղման հարցում իր տեսակետը` նշելով, որ Հայաստանի զարգացումն այլ կերպ չի պատկերացնում:

«Մենք պետք է հասկանանք, որ այս տարածաշրջանը պետք է դառնա համագործակցության հարթակ»,-ասել է նա և կարևորել տարածաշրջանի` հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը:

«Խոսելը, բանակցելն ավելի ճիշտ ճանապարհ է, քան թեորևիցե մեկի հետ վիճելը, կռվելը կամ ուժ ցույց տալը: Ուժը կարող ենք ցույց տալ խելքով, գիտելիքով»,-նշել է Խաչատուրյանը՝ ընդգծելով, որ իր համար ամբողջությամբ ընդունելի է ՀՀ կառավարության հայտարարած խաղաղ զարգացման դարաշրջան բացելու գաղափարն, ու նախագահը պետքէ լծվի այդ գործին:

Հայտնել էինք, որ ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ մարտի 2-ին, սկսել է Հանրապետության նախագահի ընտրության հարցի քննարկումը:

Лента

Рекомендуем посмотреть