Ռուսական պատվիրակությունը բանակցությունների վայր կժամանի չորեքշաբթի օրը երեկոյան ժամերին և պատրաստ կլինի Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ իրենց պատվիրակությունը պատրաստ կլինի շարունակել զրույցն այսօր երեկոյան։
Նոր հանդիպման վայրի մասին ճշտող հարցին ի պատասխան՝ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ նախապես չի ասի։
Պաշտոնական Կիևն առայժմ չի հաստատել իր մասնակցությունը բանակցությունների երկրորդ փուլին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ բանակցություններից առաջ Ռուսաստանը պետք է դադարեցնի ուկրաինական քաղաքների ռմբակոծությունները։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ բանակցություններում զգալի առաջընթաց չի լինի, քանի դեռ ռուսական ռազմական ուժերը հարվածներ են հասցնում ուկրաինական քաղաքներին:
«Անհրաժեշտ է գոնե դադարեցնել մարդկանց ռմբակոծումը, պարզապես դադարեցնել ռմբակոծությունները, այնուհետև նստել բանակցությունների սեղանի շուրջ»,-ասել է նա։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էլ հայտարարել է, որ ռուսական բանակը կշարունակի հատուկ գործողությունն Ուկրաինայում՝ մինչև իր առջև դրված նպատակներին հասնելը՝ այն է՝ Ռուսաստանը Արևմուտքի ռազմական սպառնալիքից պաշտպանելը։
Հիշեցնենք՝ ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել փետրվարի 28-ին՝ Բելառուսի Գոմելի շրջանում։
Ռուսական պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին շուրջ հինգ ժամ տևած բանակցություններից հետո հայտարարել էր, որ «գտնվել են որոշ կետեր, որոնցով կարելի է կանխատեսել ընդհանուր դիրքորոշումները»։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն էլ ասել է, որ «կողմերը հստակեցրել են մի շարք առաջնահերթ հարցեր, որոնց ուղղությամբ նշմարվել են որոշակի հստակեցումներ: Եվ, որպեսզի դրանք ունենան լոգիստիկ իրականացման հնարավորություններ, կողմերը գնում են իրենց մայրաքաղաքներ՝ խորհրդակցելու: