ՀՀ Ազգային ժողովն (ԱԺ) այսօր՝ մարտի 2-ին, սկսել է Հանրապետության նախագահի ընտրության հարցի քննարկումը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը հայտնել է, որ ՀՀ Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով Ազգային ժողովի 65 պատգամավորների գրավոր դիմումով Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվել է Վահագն Գառնիկի Խաչատուրյանի թեկնածությունը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ներկայացնելով Վահագն Խաչատուրյանի կենսագրությունն ու երկարամյա աշխատանքային ուղին, նշել է, որ նա ծնվել է 1959թ., տնտեսագիտության թեկնածու է,անկուսակցական, 1995-1999թթ. եղել է ՀՀ ԱԺպատգամավոր, իսկ մինչ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելը՝ 2021թ. օգոստոսի 4-ից զբաղեցրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը:
«Վահագն Խաչատուրյանը կանգնած է Հայաստանի Հանրապետության պետականության կերտման ակունքներում: Նա իր անցած ճանապարհով և կենսագրությամբ ապացուցել է, որ արժանի է զբաղեցնել Հանրապետության նախագահի բարձր պաշտոնը: Նա իր քաղաքական խոհեմությամբ և լայնախոհությամբ միանշանակ կարող է այս կարևոր առաքելությունն այս պատմական ժամանակներում մեծ պատվով և պատասխանատվությամբ իրագործել: Ահա այս հիմքերն են պատճառ հանդիսացել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն առաջադրել են Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը»,-ասել է Հայկ Կոնջորյանը՝ հավելելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները միաձայն ընտրելու են Վահագն Խաչատուրյանին՝ որպես Հանրապետության նախագահ։
Քննարկման մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։
Նշենք՝ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցում հարցի քննարկմանը: Ավելի վաղ տարածած հայտարարությամբ ընդդիմադիրները նշել էին, որ «սխալ են համարում նույնիսկ անուղղակի ձևով այդ ընտրության լեգիտիմացմանը մասնակցելը»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ նախագահի իրենց թեկնածուի՝ 65 պատգամավորի ստորագրությամբ առաջադրումը վստահություն է հաղորդում, որ նա ոչ միայն առաջադրվել է, այլև կընտրվի։