Եվրախորհրդարանի անդամներն արտահերթ լիագումար նիստում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկում են Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և Եվրոպական միությանն (ԵՄ) անդամակցելու Ուկրաինայի դիմումը։
Մինչ ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի դիմումի քննարկումը՝ Եվրախորհրդարանում հեռավար կարգով ելույթ է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք պայքարում ենք Եվրոպայի իրավահավասար անդամներ լինելու համար։ Մեզ հետ ԵՄ-ն ավելի ուժեղ կլինի։ Մենք կապացուցենք մեր ուժը։ Ապացուցե՛ք, որ մեզ հետ եք, ապացուցե՛ք, որ եվրոպացի եք, այդ դեպքում կյանքը կհաղթի մահին, իսկ լույսը կհաղթի խավարին»,-ասաց Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի ելույթին հետևացին եվրոպացի պատգամավորների բուռն ծափահարությունները։
Քննարկմանը հետևեք ուղիղ հեռարձակմամբ։
Հիշեցնենք՝ երեկ՝ փետրվարի 28-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ստորագրել է հատուկ ընթացակարգով Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական դիմումը։
«Ուկրաինացիները վաղուց են ապացուցել, որ եվրոպական հանրության անբաժան մասն են։ Եկել է այդ փաստը թղթի վրա ամրագրելու ժամանակը»,-սոցիալական կայքերում գրել էր երկրի վարչապետ Դենիս Շմիգալը։
ԵՄ-ում Ուկրաինայի ներկայացուցիչ Վսեվոլոդ Չենցովն այսօր հայտնեց, որ ԵՄ խորհրդի նախագահողին է հանձնել ԵՄ-ին անդամակցելու՝ Ուկրաինայի նախագահի ստորագրած դիմումը։