Հայաստանը կարևորում է խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում և ակնկալում է միջազգային գործընկերների օժանդակությունը․ Փաշինյանը՝ Դիոնին - RadioVan.fm

Онлайн

Հայաստանը կարևորում է խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում և ակնկալում է միջազգային գործընկերների օժանդակությունը․ Փաշինյանը՝ Դիոնին

2022-03-01 16:17 , Политика, 920

Հայաստանը կարևորում է խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում և ակնկալում է միջազգային գործընկերների օժանդակությունը․ Փաշինյանը՝ Դիոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միությունում (ԵՄ) և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Դիոնին:

Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Փաշինյանը նշել է, որ ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնացի այցը մեր երկիր լավ առիթ է հայ-կանադական գործակցության օրակարգը քննարկելու համար և կարևորել այն հանգամանքը, որ Կանադան կիսում է ՀՀ բարեփոխումների տեսլականը:

«Հայաստանը հավատարիմ է իր ժողովրդավարական օրակարգին և երախտապարտ է Կանադային, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ մեր ժողովրդավարությանը սատարելու համար»,-ասել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած 2020թ. պատերազմից հետո ստեղծված դժվարություններին՝ ՀՀ կառավարությունը հետևողական առաջ է գնում ժողովրդավարական ինստիտուտների հզորացման ճանապարհով, ինչի մասին են վկայում միջազգային հեղինակավոր ընկերությունների գնահատականները:

Ստեֆան Դիոնը ՀՀ վարչապետին է փոխանցել Կանադայի վարչապետի ջերմ ողջույնները և ընդգծել, որ մեր երկիր է այցելել Հայաստան-Կանադա ռազմավարական երկխոսության հեռանկարները քննարկելու նպատակով:

«Կանադան ՀՀ ժողովրդավարական օրակարգի հաստատուն աջակիցն է և հետաքրքրված է Հայաստանում համատեղ ծրագրերի իրականացմամբ»,-նշել է ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնացը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարության հզորացմանը և այդ համատեքստում հայ-կանադական գործընկերության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Վարչապետն առաջարկել է կանադական կողմին դիտարկել Հայաստանում ճանապարհաշինության, ջրամբարաշինության, վերականգնվող էներգետիկայի, կանաչ տնտեսության, նաև կրթական ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի հնարավորությունները: Ստեֆան Դիոնը հետաքրքրական է համարել առաջարկները և նշել, որ դրանք կներկայացնի Կանադայի վարչապետին ու կառավարությանը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Վարչապետը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման առնչությամբ, ինչպես նաև անդրադարձել միջազգային գործընկերների միջնորդությամբ կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում և ակնկալում է միջազգային գործընկերների օժանդակությունն այդ գործընթացին:

Կողմերն ընդգծել են ժողովրդավարական հաստատությունների կարևորությունը անվտանգային մարտահրավերների սպասարկման համատեքստում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է Կանադայի հետ ակտիվ աշխատել քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար համատեղ օրակարգի և ծրագրերի շուրջ:

Վարչապետ Փաշինյանը խնդրել է իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել գործընկերոջը՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին:

Лента

Рекомендуем посмотреть