«Հուսով ենք՝ այս դժոխքը շուտ կավարտվի»․Խարկովում ՀՀ պատվավոր հյուպատոսի օգնականը՝ պայթյունների, նկուղներում պատսպարվելու ու պարենմթերքի սակավության մասին - RadioVan.fm

Онлайн

«Հուսով ենք՝ այս դժոխքը շուտ կավարտվի»․Խարկովում ՀՀ պատվավոր հյուպատոսի օգնականը՝ պայթյունների, նկուղներում պատսպարվելու ու պարենմթերքի սակավության մասին

2022-02-28 19:19 , Общество, 1206

«Հուսով ենք՝ այս դժոխքը շուտ կավարտվի»․Խարկովում ՀՀ պատվավոր հյուպատոսի օգնականը՝ պայթյունների, նկուղներում պատսպարվելու ու պարենմթերքի սակավության մասին

Արդեն մի քանի օր է՝ առանձնապես լարված է իրավիճակը ուկրաինական Կիևում և Խարկովում․ երեկ ռուսական ուժերին մի պահ հաջողվել է վերահսկողության տակ առնել Խարկով քաղաքը, սակայն թեժ մարտերից հետո նրանք դուրս են մղվել։ Հայ համայնքների շրջանում այս պահի տվյալներով զոհեր և վիրավորներ չկան:

Այդ մասին «Ռադիո Վան»-ին տված բացառիկ հարցազրույցում պատմեց Խարկովում ՀՀ պատվավոր հյուպատոսի օգնականը։

Համլետ Հովհաննիսյանի խոսքով՝ պարբերաբար լսվում են պայթյունների ձայներ, մասնավորապես գիշերները բնակիչները պատսպարվում են նկուղներում, իսկ խանութների դիմաց, որոնցում, առանձնապես, ապրանքներ էլ չկան, մեծ հերթեր են։

Համայնքները ինքնակազմակերպվում են, ալյուր են հայթայթում՝ բնակիչներին անվճար բաժանելու համար։ Ըստ Համլետ Հովհաննիսյանի՝ այդ գործընթացում ներգրավված է նաև Հայաստանի հյուպատոսությունը․ աշխատակիցներն իրենց մեքենաներով շահառուներին փոխանցում են անհրաժեշտ պարենային ապրանքը։

Հովհաննիսյանի խոսքով՝ շատ հայեր, հատկապես կանայք և երեխաները, ցանկանում են վերադառնալ հայրենիք, սակայն տարհանում կազմակերպելու հնարավորություն դեռ չկա։

Շուրջ 10 տարի Ուկրաինայում բնակվող մեր հայրենակցի խոսքով՝ չգիտեն, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, բայց հուսով են՝ «այս դժոխքը շուտ կավարտվի»։

Նշենք՝ Խարկովի քաղաքային իշխանությունների հաղորդմամբ՝ քաղաքի` վերջին գնդակոծումից հետո վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 31 մարդ, մեկ կին մահացել է։

Խարկովում ՀՀ պատվավոր հյուպատոսի օգնականի հետ զրույցի մանրամասները՝ աուդիոնյութում։

Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահը հայտարարեց Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկի մասին՝ նշելով, որ դրա նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է և ապաազգայնացումը։ Պատերազմին նախորդել էր Ռուսաստանի կողմից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչումը։

Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչումը ողջունել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ փետրվարի 22-ին տարածած ուղերձում համոզմունք հայտնելով, որ Արցախի Հանրապետությունը, որն ունի համապատասխան պատմական, քաղաքական, իրավական ու բարոյական անվիճարկելի հիմքեր, վաստակել է իր ինքնիշխան պետության միջազգային ճանաչումը:

Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության օրակարգում Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչման հարց չկա։

Փետրվարի 24-ին պաշտոնական Կիևը հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններից հետո Եվրամիության առաջնորդները նոր տնտեսական պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի դեմ՝ միանալով ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային։ Եվրամիությունը որոշել է այսօրվանից՝ փետրվարի 28-ից, ամբողջությամբ փակել իր օդային տարածքը Ռուսաստանի համար։

Նկատի առնելով փաստը, որ օդային հաղորդակցությունը կասեցված է Ուկրաինայի, Հարավային Ռուսաստանի և Մոլդովայի օդանավակայաններում, Հայաստան գալ ցանկացող մեր հայրենակիցներին տեղեկացվել է, որ Ուկրաինայից ելքի ցամաքային միակ ճանապարհը արևմտյան սահմանն է՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները առանց վիզային և կորոնավիրուսային սահմանափակումների:

Այսօր՝ ռուս-ուկրաինական պատերազմի 5-րդ օրը, Բելառուսի և Ուկրաինայի սահմանին գտնվող Պրիպյատի շրջանում մեկնարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտոնական պատվիրակությունների բանակցությունները։ Պաշտոնական Կիևի պնդմամբ՝ բանակցությունների նպատակն անհապաղ հրադադարի հաստատումն ու ռուսական զորքերի՝ Ուկրաինայի տարածքից դուրսբերումն է։

Հավելենք՝ զոհերի, վիրավորների մասին դեռ հստակ տվյալներ չկան․ երեկ միայն՝ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը առաջին անգամ հայտարարել է ռուսաստանցի զինվորականների շրջանում զոհերի մասին, թվեր, սակայն, չի նշվել։ Ուկրաինայի նախագահի գրասենյակը փետրվարի 26-ին հայտարարել է ռուս զինվորականնների շրջանում 4300 զոհի մասին։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել է, որ պատերազմի առաջին օրը զոհվել է 137 ուկրաինացի զինվորական։ Այսօր հղած տեսաուղերձում Վլադիմիր Զելենսկին հայտնել է ռուսական զինուժի հարվածից 16 երեխայի զոհվելու, 45-ի՝ վիրավորվելու մասին։ Ուկրաինայի առողջապահության նախարարությունն էլ այսօր հայտնել է, որ պատերազմի մեկնակից առ այսօր մարմնական վնասվածքներ է ստացել 2040 մարդ, որոնցից 45-ը՝ երեխաներ։ 352 մարդ, այդ թվում՝ 16 երեխա, զոհվել է։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть