Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերի կառավարման օղակում՝ համատիրություններում, նախատեսվում է ներդնել բազմաբնակարան բնակելի շենքերի կառավարման էլեկտրոնային համակարգ:
Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ դա արվում է, որպեսզի թափանցիկ դառնա, թե ինչի վրա է ծախսվում բնակիչներից գանձվող գումարները։
Երևանի մոտ 5000 բազմաբնակարան բնակելի շենքերը կառավարում են 260 համատիրությունները, իսկ 140 շենք էլ՝ լիազոր-կառավարիչները: Շենքերի պահպանման համար բնակիչներն ամեն ամիս պետք է վճարեն որոշակի գումար:
«Բազմաբնակարան շենքերի պահպանման վճարները պարտադիր են: Դա ընդհանուր բաժնային սեփականության պահպանման համար է»,-ասում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր շենքի համատիրության պարտավորվածության շրջանակում է ապահովել բազմաբնակարան շենքի պահպանման համար նախատեսված պարտադիր նորմերը, և քաղաքապետարանը այդ պարտադիր նորմերի կատարման վերահսկողություն կարող է իրականացնել, իսկ մնացած ամբողջ գործառույթները բաժնային սեփականատերերի տիրույթում են։
«Երևանում կան շենքեր, որոնք ներքին կարգով ստեղծել են էլեկտրոնային համակարգ, բայց, որպեսզի դա ընդգրկուն լինի, պետք է մշակվի ընդհանուր համակարգ: Երևանի քաղաքապետի կողմից հանձնարարական կա՝ մշակել էլեկտրոնային համակարգ, որն ավելի թափանցիկ կդարձնի շենքի կառավարումը: Այսինքն՝ պարտադիր նորմերի համար վճարված գումարները ավելի տեսանելի կլինեն մեր բնակիչների համար, թե ինչ նպտակով են ծախսվել»,-ասում է Արսեն Կարոյանը՝ շեշտելով՝ նոր համակարգի ներդրումը համատիրությունների աշխատանքը կդարձնի առավել արդյունավետ, կամրացնի բնակիչ-համատիրություն կապն ու փոխվստահությունը: