«Ինչպե՞ս կարելի է տարածքային իրավազորությունը զիջել. դա խաղուպա՞ր է» Թաթոյանը՝ «հայելային հետքաշման» դիրքորոշման մասին - RadioVan.fm

Онлайн

«Ինչպե՞ս կարելի է տարածքային իրավազորությունը զիջել. դա խաղուպա՞ր է» Թաթոյանը՝ «հայելային հետքաշման» դիրքորոշման մասին

2022-02-23 12:30 , Политика, 1183

«Ինչպե՞ս կարելի է տարածքային իրավազորությունը զիջել. դա խաղուպա՞ր է» Թաթոյանը՝ «հայելային հետքաշման» դիրքորոշման մասին

«Կառավարությունը պարտավոր է հրապարակային, մանրամասներով բացատրել, թե ի՛նչ է նշանակում սահմանում զորքերի հայելային հետքաշումը։ Սա բոլորիս անվտանգությանը վերաբերող հարց է։ Ոչ մեկ իրավունք չունի այստեղ թաքնվել հարցի գաղտնի լինելու կամ քաղաքական գործընթացների ներքո»,-այդ մասին պաշտոնավարման 6 տարիների գործունեության ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի հարցի լուծման՝ ՀՀ իշխանությունների «հայելային հետքաշման» դիրքորոշմանը։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարեց, որ կասկածի տակ է դնում այդ դիրքորոշումը։

Նրա գնահատմամբ՝ դա անորոշ կոնցեպցիա է և պետք չէր Ադրբեջանի իշխանությունների բերանը դնել այդ բառակապակցությունը։

«Ովքե՞ր եղան այդ պաշտոնյաները, որ մեր ժողովրդի անվտանգության հետ խաղում են, ինչպե՞ս կարելի է տարածքային իրավազորությունը զիջել. դա խաղուպա՞ր է։ Ճիշտը մեր կողմն է, մենք ո՞նց կարող ենք թողնել, որ դա դուրս գա մեր ձեռքի տակից,-ասաց նա։

Օմբուդսմենը շեշտեց՝ սահմաններին վերաբերող ցանկացած գործընթացի հիմքում մենք պետք է մեր ժողովրդի անվտանգությունը դնենք։

«Անընդհատ մեխանիկական մոտեցումներով խոսում են քարտեզներից։ Չհասկացա՝ սակարուձև՞ է, ի՞նչ է 70 թվի քարտեզ, 80 թվի, 60, վայ, չէ, այսօր՝ 70 թվի։ Սա պետական պաշտոնյայի լուրջ մոտեցո՞ւմ է»,-ասաց Արման Թաթոյանը։

«Նման է նրան, որ ջուրը պետք է մտնենք՝ կոշիկ չունենք, ու գիտենք, որ ջրում ապակիներ կան, որ մտնենք՝ ճղելու ենք մեր ոտքերը։ Իմ ասածն այն է, որ մենք էդ կոշիկը հագնենք, նոր մտնենք ջուրը»,-պատկերավոր համեմատեց Պաշտպանը՝ ընդգծելով, որ մենք պետք է ունենանք միջազգային պահանջներով քարտեզներ՝ անտառային, գեոդեզիական, կադաստրային, ջրային, անգամ՝ մարդկանց ավանդույթները չպետք է խաթարվեն։

Հայաստանի մարդու իրավունքների 6-տարյա պաշտպանը հորդորեց չմոռանալ, որ ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը չի ավարտվել, որ չի ավարտվի, քանի դեռ ներկա իշխանություններն են, որոնց համար հայատյացությունը քաղաքական կյանքի աղբյուր է։

«Շատ հեշտ է արմենաֆոբիայիմեջ պահել սեփական ժողովրդին՝ շեղելու համար սեփական խնդիրներից»,-հիմնավորեց Արման Թաթոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ «սահմանների ճշգրտման» պատրվակով Հայաստանի Հանրապետության (ՀՀ) պետական սահմանը մայիսի 12-ին ապօրինաբար հատած ադրբեջանական զինված ուժերի ծառայողները դիրքավորվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում, ու առ այսօր շարունակում են գտնվել մեր ինքնիշխան երկրի տարածքում:

Մոսկվան Բաքվին և Երևանին առաջարկել է ստեղծել սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով, ինչը դեռ կյանքի չի կոչվել․ պաշտոնական Բաքուն Երևանին է մեղադրում, թե գործընթացի մեկնարկի համար հայկական կողմը փորձում է նախապայմաններ առաջ քաշել, պաշտոնական Երևանն էլ հայտարարում է, որ Հայաստանը երբեք սահմանազատման, սահմանագծման հարցում նախապայմաններ առաջ չի քաշել։ Ընդ որում՝ հայաստանյան իշխանությունները՝ ի դեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, հայտարարել է, որ սահմանային խնդրի լուծումը պետք է տեղի ունենա Ռուսաստանի կամ Մինսկի խմբի համանախագահության գործունեության ներքո՝ «հայելային հետքաշման» սկզբունքով, այսինքն, Փաշինյանի պարզաբանմամբ, կողմերի Զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով պետք է հեռանան սահմանից:

ՄԻՊ Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների արդյունքում արձանագրել է, որ ադրբեջանական մայիսյան ներխուժումների հետևանքով Գեղարքունիքի բնակիչները լուրջ կենսական խնդիների առաջ են։ Նա իշխանություններին բազմիցս զգուշացրել է՝ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը՝ առանց անվտանգության գոտու ստեղծման, կդառնա նոր իրավախախտումների ու նոր լարվածության պատճառ։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть