Կարեն Անդրեասյանը չունի տարրական մասնագիտական գիտելիքներ, նա շարժվում է վրեժխնդրության շարժառիթով․ Արման Թաթոյան - RadioVan.fm

Онлайн

Կարեն Անդրեասյանը չունի տարրական մասնագիտական գիտելիքներ, նա շարժվում է վրեժխնդրության շարժառիթով․ Արման Թաթոյան

2022-02-23 11:23 , Политика, 746

Կարեն Անդրեասյանը չունի տարրական մասնագիտական գիտելիքներ, նա շարժվում է վրեժխնդրության շարժառիթով․ Արման Թաթոյան

«Արդարադատության նախարարն իր հարցազրույցներում երկրում անհանդուրժողականությունն ավելացնող, պոպուլիստական բառապաշարով է խոսում, անգամ,ծանր վիրավորանքի հատկանիշներ էլ կան իր հայտարարություններում»,- պաշտոնավարման 6 տարիների գործունեության ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքին։

Մասնավորապես, Անդրեասյանի դիտարկմանը, թե դատավոր Բորիս Բախշիյանի հետ կապված իր հայտարարությամբ ՄԻՊ-ն օրենք է խախտել՝ Արման Թաթոյանն այսպես արձագանքեց․

«Ասում է՝ օմբուդսմենն իրավունք չունի գնահատական տալ ընթացիկ դատական գործով, ու, մի հատ էլ, հղում է տալիս «Հայաստանի ՄԻՊ մասին» օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասին (ինքը կետ է ասում, բայց մաս է. կետն ուրիշ բան է): Նախ՝ այդ օրենքը, որը իրականում գրվել է իմ անմիջական ղեկավարությամբ, իսկ այդ դրույթը, որին հղում է անում, ես եմ անձամբ ձևակերպել, կոչվում է՝ Մարդու իրավունքների պաշտպանն իրավունք չունի միջամտել դատական վարույթին: Ընդամենը: Ինձ համար ակնհայտ է, որ արդարադատության նախարարը չունի տարրական մասնագիտական գիտելիքներ՝ այս հարցի հետ կապված: Բայց շատ լավ, քանի որ ռիսկ է արել, մտել է մասնագիտական դաշտ, ես հիմա կբացատրեմ՝ ինչի մասին է խոսքը․ նախարարը պարտավոր է իմանալ, որ գոյություն ունինախաքննություն, դատական քննություն, դատական վարույթ, որը նախաքննությունը չէ։ Նախաքննությունըիրականացնում էքննիչը, իսկ դատական վարույթն իրականացնում էդատարանը։

Հիմա ինչպե՞ս կարող է նախաքննության հարցը դառնալ դատական գործ։ Նախ, մեր օրենքը դատական գործ հասկացությունը չունի, չգիտեմ՝ որտեղից է վերցրել այդ հասկացությունը։ Բա էդ արդարադատության նախարարն ինչպե՞ս էր իր նախկին պաշտոնում գնահատականներ տալիս դատական գործերի հետ կապված»։

«Կարծում եմ, նաևիմ որոշ միջազգային գործընկերների գնահատականն է, որարդարադատության նախարարը շարժվում է վրեժխնդրության շարժառիթով»,-ընդգծեց Արման Թաթոյանը՝ տարօրինակ համարելով, որ արդարադատության նախարարը մտնում է իրավապաշտպանական տիրույթ, սակայն անտեսում է իր իսկ ենթակայության տակ եղած ոլորտների խնդիրները: Պաշտպանը մի քանի օրինակ բերեց։

«Այս տարի միայն քրեակատարողական հիմնարկներում վերջին մեկ ամսում 3 մարդ է մահացել՝ 2 ինքնասպանություն, մեկ հանկարծամահություն՝ համաձայն պաշտոնական տվյալների, անցյալ տարի 13 դեպք է եղել։ Մարդիկ են մահանում քրեակատարողական հիմնարկներում․ այնպիսի տպավորություն է, թե միայն դատավորների հարցն է արդարադատության նախարարության տիրապետության տակ: «Դատապարտյալների հիվանդանոց»-ում, այդքան ես ասում եմ, ինչո՞ւ իրարից չեն առանձնացնում ինֆեկցիոն և հոգեբուժական բաժանմունքները: Անցյալ տարի դրա պատճառով մարդ սպանվեց»,-ասաց Արման Թաթոյանը՝ միաժամանակ հիշեցնելով, որ նամակ է գրել արդարադատության նախարարին՝ ասելով, որ պաշտոնյաներ կան, ովքեր զիջում են մեր տարածքային իրավազորությունը:

«Դրոշներ, ցուցանակներ կան, մեր գյուղացիներն էլ մարդիկ հո դելիմիտացիայի մասնագետնե՞ր չեն, որ իմանան՝ որտեղ հատեն, որտեղ՝ չէ: Բա որ հատեցին, գնացին, բռնեցին ադրբեջանցիներն ու կալանավորեցին այդ հայտարարությունների արդյունքում, ո՞ր մեկը կկարողանա գնալ պաշտպանել մեր քաղաքացիների իրավունքները: Ռիսկ կունենա՞ս գնաս պաշտպանես մեր քաղաքացիների իրավունքները, կկարողանա՞ս»,-դիմելով արդարադատության նախարարին ասաց Պաշտպանը:

Արման Թաթոյանը նաև շեշտեց՝ եթե արդարադատության նախարարը վստահ չէ իր հայտարարությունների մեջ կամ մանրամասն չի ուսումնասիրել ՄԻՊ ասելիքներն ու մասնագիտական հենքը չի պատկերացնում, մյուս անգամ թող չհամարձակվի Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հանդեպ որևէ ոտնձգություն անել՝ թաքնվելով կառավարության ներկայացուցիչ լինելու հովանու տակ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть