ՔՊ-ն տապալել է «Շուշիի հռչակագիրը» դատապարտող՝ «Հայաստան»-ի հեղինակած հայտարարության քննարկումը - RadioVan.fm

Онлайн

ՔՊ-ն տապալել է «Շուշիի հռչակագիրը» դատապարտող՝ «Հայաստան»-ի հեղինակած հայտարարության քննարկումը

2022-02-23 14:57 , Политика, 955

ՔՊ-ն տապալել է «Շուշիի հռչակագիրը» դատապարտող՝ «Հայաստան»-ի հեղինակած հայտարարության քննարկումը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» (ԱԺ ՔՊ) խմբակցությունն այսօր հրավիրված արտահերթ նիստում ժամը 12:00-ի դրությամբ քվորում չի ապահովել՝ տապալելով «Հայաստան» խմբակցության հեղինակած «Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագծի քննարկումը։

Արտահերթ նիստում գրանցվել է ընդամենը 29 պատգամավոր, իշխող խմբակցության պատգամավորները նիստին չեն ներկայացել։

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորների գրանցումը կշարունակվի մինչև 16:00-ը:

Վերոնշյալ հայտարարության տեստը՝ ստորև․

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն իր խոր մտահոգությունն է հայտնում օկուպացված Շուշիում 2021թ. հունիսի 15-ին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած հռչակագրի՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից վավերացման կապակցությամբ:

Այդ հռչակագրով կնքվել է թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինք՝ «Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգի շրջանակներում:

Թեև փաստաթղթում նշված է, որ այն չի ստեղծվել երրորդ կողմի դեմ, այդուհանդերձ դրա ողջ բովանդակությունն ուղղված է Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների, հայ ժողովրդի դեմ: Այն արձանագրում է Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ագրեսիա իրականացրած երկու պետությունների ռազմավարական նպատակներն՝ ընդդեմ Արցախի ժողովրդի ինքնորոշման, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ցեղասպանություն վերապրած աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավունքների:

Հռչակագրում տեղ գտած «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ձևակերպումները վկայում են, որ Թուրքիան և Ադրբեջանը ձեռք են բերում հրապարակային պայմանավորվածություններ համատեղ ծավալապաշտական ծրագրեր իրականացնելու համար:

Դատապարտելի է երկու պետությունների պայմանավորվածությունը՝ պայքարելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ հարցի բովանդակությունը խեղաթյուրելով և այն տանելով պատմագիտական ուսումնասիրության տիրույթ:

Շուշիի հռչակագրի հիմքում ընկած է ոչ թե ՄԱԿ կանոնադրությունը կամ ԵԱՀԿ-ի կողմից ընդունված անվտանգության սկզբունքը, այլ «ցեղային անվտանգության» մոտեցումը: Այն հակասում է միջազգային իրավունքի հիմնական նորմերին: Համաձայն Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969թ. Վիեննայի կոնվենցիայի՝ միջազգային բոլոր պայմանագրերը, որոնք հակասում են ընդհանուր միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերին, առոչինչ են և չեն կարող ունենալ որևէ միջազգային լեգիտիմություն:

Ազգային ժողովը հայտարարում է՝

Շուշիի հռչակագիրը՝ իր սադրիչ և ապակառուցողական բնույթով, անընդունելի է Հայաստանի Հանրապետության համար: Այն լրջագույն մարտահրավեր է տարածաշրջանային ու գլոբալ անվտանգությանը, չի նպաստում մեր տարածաշրջանի խաղաղ զարգացմանը, հակասում է «առանց նախապայմանների» սկզբունքի հիման վրա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը ու լուրջ կասկածներ առաջացնում պաշտոնական Անկարայի իրական վարքագծի ու մտադրությունների առումով»։

Лента

Рекомендуем посмотреть