Հայաստանի Հանրապետության օրակարգում Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչման հարց չկա։ Այդ մասին «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին ի պատասխան ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Իսկ թե ինչպիսի՞ դիրքորոշում ունի Հայաստանը ռուս-ուկրաինական հարաբերություններում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ՝ Հունանյանն ասել է․
«Մենք, բնականաբար, ցանկանում ենք, որ երկու բարեկամ պետությունների միջև առկա խնդիրները լուծվեն դիվանագիտական երկխոսության և բանակցությունների միջոցներով` միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա: Եվ հուսով ենք, որ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն՝ լարվածության նվազեցման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար»։
Հիշեցնենք՝ Ռուսաստանը փետրվարի 21-ին պաշտոնապես ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ՝ ռուսական բանակը մտել է Դոնեցկի և Լուգանսկի շրջաններ՝ «խաղաղություն ապահովելու առաքելությամբ»։
Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչման կապակցությամբ ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Ողջունելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այդ որոշումը՝ Արցախի նախագահը համոզմունք է հայտնել, որ Արցախի Հանրապետությունը, որն ունի համապատասխան պատմական, քաղաքական, իրավական ու բարոյական անվիճարկելի հիմքեր, վաստակել է իր ինքնիշխան պետության միջազգային ճանաչումը:
Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Ռադիո Վան»-ի հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ «Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումն ակնարկ էր Հայաստանին և աշխարհին՝ Արցախի մասով ևս»։