«Պուտինն իր այդ քայլով հումանիտար աղետը կանխեց, նման աղետ կարող էին կանգնեցնել նաև 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ բազմիցս կոչ էինք արել ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Ականջները և աչքերը փակել էին նաև Հայաստանի իշխանությունները, ինչպես աշխարհի շատ-շատ պետություններ»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունները ճանաչելու՝ Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահի որոշմանը։
Արցախցի պատգամավորը կոչ արեց Պուտինի որոշումը ողջունող պետություններին չհապաղել նաև Արցախի ճանաչման հարցում։
«Պուտինի պատմական ակնարկն ուղիղ ակնարկ էր Հայաստանին և աշխարհին՝ Արցախի մասով ևս»,-ասաց արցախցի պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հիշեցնենք՝ Ռուսաստանը փետրվարի 21-ին պաշտոնապես ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ՝ ռուսական բանակը մտել է Դոնեցկի և Լուգանսկի շրջաններ՝ «խաղաղություն ապահովելու առաքելությամբ»։
Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչման կապակցությամբ ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Ողջունելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այդ որոշումը՝ Արցախի նախագահը համոզմունք է հայտնել, որ Արցախի Հանրապետությունը, որն ունի համապատասխան պատմական, քաղաքական, իրավական ու բարոյական անվիճարկելի հիմքեր, վաստակել է իր ինքնիշխան պետության միջազգային ճանաչումը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը կքննարկի Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորությունը։ Նա հղած ուղերձում հանդես է եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) անդամների ու Թուրքիայի և Գերմանիայի մասնակցությամբ համատեղ գագաթնաժողով անցկացնելու նախաձեռնությամբ:
Արևմուտքը Դոնեցկի և Լուգանսկի կազմավորումների ճանաչումը միջազգային օրենքի աղաղակող խախտում է համարել, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հայտարարել է, որ Ռուսաստանի այդ որոշումն անընդունելի է:
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան