«Հակամարտության լուծումը տեղի է ունեցել համապատասխան միջազգային իրավունքին, Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով։ Հակամարտությունն ավարտված է, և հիմա մենք նոր աշխարհաքաղաքական իրավիճակ ունենք տարածաշրջանում, որը սատարում է Եվրոպան, հուսամ՝ մյուս միջազգային կազմակերպությունները ևս»,-այդ մասին այսօր Երևանում ընթացող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) հանձնաժողովների նիստերի ժամանակ ասել է Ադրբեջանի պատվիրակ Սոլթան Մամադովը՝ ընդգծելով Արևելյան գործընկերության դերը՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման և խաղաղության հասնելու նպատակով ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև երկխոսության իրականացման համատեքստում։
Մամադովը կրկնել է պաշտոնական Բաքվի՝ «արցախյան հակամարտության ավարտված լինելու և Ադրբեջանում այլևս հայ ռազմագերիներ չլինելու» մասին հայտնի թեզերը։
Ադրբեջանցի պատվիրակը շեշտել է, թե իրենց այցը Հայաստան երկրների միջև հարաբերությունների հաստատման շատ լավ նշան է համարում։
«Ինչ վերաբերում է կալանավորված անձանց և մշակութային ժառանգության պահպանության խնդրին, շեշտեմ, որ բոլոր ռազմագերիները վերադարձվել են պատերազմի ավարտից հետո։ Հիմա քննարկումներ ենք անում նրանց առնչությամբ, ովքեր ձերբակալվել էին պատերազմից հետո՝ միջազգային իրավունքի և ժամկետների համաձայն։ Էլ չասենք 4000 ադրբեջանցիների մասին, որոնք բռնվեցին և ոչնչացվեցին առաջին պատերազմում։ Սա քննարկվել է ԵՄ-ի հետ։ Ադրբեջանը բազմազգ երկիր է, որտեղ հանդուրժողականության մթնոլորտում հարյուրամյակներով ապրում են տարբեր ազգերի և կրոնների ներկայացուցիչներ։ Սա լավագույն երաշխիքն է՝ Ադրբեջանում հայ էթնիկ փոքրամասնությունների վերաինտեգրացիայի համար։ Ժողովուրդներից և երկրներից պահանջվում է համագործակցություն և երկխոսություն։ Մենք աշխարհին առաջարկում ենք մեր տարածաշրջանում զարգացում, խաղաղություն։
Քանի որ հակամարտությունն ավարտված է՝ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել իրականացնել ՀՀ-ի հետ սահմանազատում։ Շատ ուրախ եմ շեշտել ՀՀ-ի կողմից մի շարք դրական ազդակների մասին՝ սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ»,-հայտարարել է ադրբեջանցի պատվիրակը։
Նշենք՝ այսօր՝ փետրվարի 22-ին Երևանում մեկնարկել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերի աշխատանքները, որոնց մասնակցում են Արևելյան գործընկերության երկրներից Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Ուկրաինայի խորհրդարանների, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավորները: