Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ԱՆ ՀՎԿԱԿ), ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի հետ համատեղ իրականացրած սեքվենավորման (ՊՇՌ դրական նմուշների) արդյունքները ցույց են տվել, որ ներկայումս Հայաստանում շրջանառում է նաև COVID-19 «Օմիկրոն» տարբերակը (շտամը), այդ թվում՝ «Օմիկրոն» տարբերակի «BA.2» ենթատարբերակը։
Այդ մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ մեջբերելով գիտնականների կարծիքը, որ «BA.2»-ն ավելի վարակիչ է, քան նախորդ ենթատարբերակը, և համաձայն մի շարք հետազոտությունների՝ կարող է ունենալ հիվանդության ավելի ծանր ընթացք։
Նախարարությունում կայացած մամուլի ասուլիսում ոլորտի մասնագետները տեղեկացրել են, որ COVID-19-ի «Օմիկրոն» շտամն ունի 3 ենթատեսակ, որոնցից ամենավտանգավորն ու ամենավարակիչը «BA.2»-ն է:
«Հայաստանում «Օմիկրոն» շտամի «BA.2» ենթատեսակի 2 դեպք է հայտնաբերվել, սակայն չի նշանակում, որ միայն դրանք են, քանի որ ոչ բոլոր դրական նմուշներն են սեկվենավորման ենթարկվում»,- նշել է ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Նրա գնահատմամբ՝ համաճարակային իրավիճակը հանրապետությունում շարունակում է լարված մնալ։
Մասնագետի փոխանցմամբ՝ «Օմիկրոնի» ախտանշանները շատ նման են սուր շնչառական վարակների ախտանշաններին․ «Քթից արտադրություն, հազ, ջերմություն, կոկորդի ցավ, և նման ախտանիշների ի հայտ գալուն պես պետք է դիմել առողջության առաջնային պահպանման օղակ»։
Մասնագետներըհայտնել են, որ անկախ կորոնավիրուսի դեպքերի նվազումից, Հայաստանը, ԵՄ չափանիշներով, դեռևս գտնվում է մուգ վառվող կարմիր գոտում:
ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ներկայացրել է COVID-19-ի դեմ պատվաստման ցուցանիշները, շեշտել, որ հիվանդության դեմ պայքարում դեռևս ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է, քանի որ նոր շտամով պայմանավորված` հիվանդացության դեպքերը պատվաստվածների շրջանում ընթանում են ավելի թեթև, քան չպատվաստվածների: Միաժամանակ, նա նշել է, որ բժիշկների շրջանում COVID-19-ի դեմ պատվաստման 96% ընդգրկվածություն կա, արդյունքում` բարձր վարակելիություն ունեցող հիվանդությանը` մեծ հակազդեցություն.
«Պատվաստումները, իրոք, աշխատում են»,- փաստել է Գայանե Սահակյանը:
Մասնագետները պատասխանել են լրագրողների հարցերին` ընդգծելով, որ COVID-19-ովնախկինում հիվանդացած լինելու փաստը և հակամարմինների առկայությունը հակացուցում չէ պատվաստվելու համար, քանի որ գրանցվում են նաև ծանր ընթացքով կրկնավարակի դեպքեր, իսկ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները, այդ թվում` բուստեր դեղաչափով, կանխարգելում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձևերն ու մահվան դեպքերը:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հորդորում է 5 տարեկանից բարձր և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց պատվաստվել: Խնդիրն ավելի խորը հիմքեր ունի` հետքովիդյան բարդություններն են»,-նշել է մանկաբուժության գծով ԱՆ խորհրդատու Սերգեյ Սարգսյանը:
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Նաիրա Ստեփանյանն էլ փաստել է, որ պատվաստված բնակչության մեծ մասի մոտ թեթև է ընթանում կորոնավիրուսային հիվանդությունը: