Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) կողմից Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ճանաչումն անընդունելի է համարել:
«Կողմերին ողջախոհության և միջազգային իրավունքի նորմերի հարգման կոչ եմ անում»,-թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ասել է Էրդողանը Աֆրիկայի երկրներ այցի ընթացքում իրեն ուղեկցող լրագրողների հետ զրույցում։
Նա ուշադրություն է հրավիրել երկրի երկրի արտգործնախարարության տարածած հայտարարությանը, որում նշվում է, որ «Ռուսաստանի որոշումը՝ ճանաչել, այսպես կոչված, Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունները, հակասում է Մինսկի համաձայնագրերին» ու որ՝ «այս որոշումն Ուկրաինայի քաղաքական միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում է»։
Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Թուրքիան, որպես սևծովյան տարածաշրջանի երկիր, նախապատրաստում և իրականացնում է մի շարք միջոցառումներ՝ կապված Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև լարվածության թուլացման հետ:
Էրդողանը դրական է արձագանքել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) անդամների ու Թուրքիայի և Գերմանիայի մասնակցությամբ համատեղ գագաթնաժողով անցկացնելու նախաձեռնությանը։ Նա նշել է, որ եթե ՄԱԿ-ի ԱԽ անդամներն ու մյուս երկրները դրական արձագանքեն այդ առաջարկին, Թուրքիան կմասնակցի գագաթնաժողովին։
Հիշեցնենք՝ Ռուսաստանը երեկ պաշտոնապես ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ՝ ռուսական բանակը մտել է Դոնեցկի և Լուգանսկի շրջաններ՝ «խաղաղություն ապահովելու առաքելությամբ» ։