«Հայաստանը դեռ դասեր չի քաղել վերջին իրադարձություններից»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը - RadioVan.fm

Онлайн

«Հայաստանը դեռ դասեր չի քաղել վերջին իրադարձություններից»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը

2022-02-21 15:52 , Политика, 1010

«Հայաստանը դեռ դասեր չի քաղել վերջին իրադարձություններից»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ տարածած հայտարարությունը։

Պաշտոնական Բաքուն նշել է, թե «1988 թվականի փետրվարի 20-ի ապօրինի որոշումը նշանավորել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) արմատական հայերի ագրեսիվ անջատողականության սկիզբը, որը հանգեցրել է Ադրբեջանի տարածքների մի մասի 30-տարյա օկուպացմանը, մինչև մեկ միլիոն ադրբեջանցիների հիմնարար իրավունքների ոտնահարմանը»։

«Այս իրավիճակը երկար տարիներ խոչընդոտում է տարածաշրջանի զարգացմանը խաղաղության և անվտանգության պայմաններում։ Հիմա, երբ տարածաշրջանում հաստատվում է միջազգային իրավունքը և փորձ է արվում կարգավորել հարաբերությունները երկու պետությունների միջև, Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ խրախուսելով ազգամիջյան վեճերը, որը մի կողմից խոսում է այս երկրի անպատասխանատու պահվածքի մասին, մյուս կողմից այն, որ նա դեռ դասեր չի քաղել վերջին իրադարձություններից։ Նման ապակառուցողական մոտեցումն ապագա չունի»,-ադրբեջնական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ընդգծել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հիշեցնենք՝ Հայաստանի ԱԳՆ-ն Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ տարածած հայտարարությամբ ընդգծել է, որ 1988 թվականի իրադարձությունները հիմք են դրել համահայկական շարժման՝ հանուն սեփական հայրենիքում ազատ, արժանապտիվ և անվտանգ ապրելու և իրավունքների պաշտպանության պայքարի, և այս իրադարձություններից 34 տարի անց՝ չնայած տեղի ունեցած արհավիրքների՝ Ադրբեջանական ԽՍՀ կողմից իրականացված դաժան ջարդերին, էթնիկ զտումներին, ապա Ղարաբաղյան արյունալի 2 պատերազմներին, Հայաստանն ու Արցախը շարունակում են միակամ լինել համազգային իղձերի իրականացման, պետականության և ինքնիշխանության, արցախահայության իրավունքների և հայրենիքի միջազգային ճանաչման համար արդար պայքարում։

Лента

Рекомендуем посмотреть