«Կասկադ» համալիրի շինարարությունն ավարտելու համար Երևան համայնքը բանակցում է «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի հետ։
Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ հրապարակման մեջ նշելով, որ «Հյուսիս-հարավ» առանցքի թամանյանական հորինվածքը 1970-ականներին ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի և Ասլան Մխիթարյանի շնորհիվ է կերպար ստացել։ Նախագծով Կենտրոնը պետք է կապվեր Արաբկիրին ու Զեյթունին՝ միաժամանակ «Կասկադ» համալիրը վերածելով կրթամշակութային յուրահատուկ կենտրոնի:
«Մենք նախատեսում էինք, որ Ազատության հուշարձանից շարժասանդուղքով կապ կլինի մինչև Թամանյանի պուրակ: 1988թ. երկրաշարժից հետո նախագիծը կասեցվեց»,-պատմում է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանը:
1990-ականներին «Կասկադում» որևէ աշխատանք չարվեց: Համալիրի վերականգնման համար 2002 թվականին պայմանավորվածություն ձեռք բերվեց բարերար Ջերարդ Գաֆէսճեանի հետ։
«2002թ. մայիսի 31-ին Երևանի քաղաքապետի որոշմամբ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին հասարակական կառուցապատման նպատակով ի սեփականություն են հանձնվել «Կասկադ» համալիրի անավարտ շինությունները և դրանով զբաղեցրած հողամասը, ինչպես նաև սեփականության իրավունքով է տրամադրվել «Կասկադ» համալիրին հարող աջակողմյան 8,0 հա և ձախակողմյան 50 մետր լայնությամբ չծանրաբեռնված հողամասերը, անհատույց մշտական օգտագործման է հանձնվել Ա. Թամանյանի հուշարձանից մինչև «Կասկադ» համալիրն ընկած պուրակի տարածքը»,-նշում է Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի տեղակալ Մերի Հարությունյանը:
«Գաֆէսճեանի գաղափարը բացառիկ էր. նա մտադիր էր կառուցապատել ու բարեկարգել տարածքը, աշխատեցնել շարժասանդուղքները՝ կենտրոնն օգտագործելով որպես մշակութային գործառույթ ունեցող կառույց»,-պատմում է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:
2009-ին բարեկարգումն ավարտվեց, բացվեց արվեստի կենտրոնը, սակայն «Կասկադն» անավարտ էր:
«Գաֆէսճեանն անցկացրեց միջազգային մրցույթ, արդյունքները բավարար չէին: Երիտասարդ մի այլ ճարատարապետի հետ համագործակցեց. ստացվեց մի փոսորակ, որը նախատեսված էր արագորեն կառուցապատել, բայց, ցավոք, նրա մահից հետո շինարարությունը չշարունակվեց»,-պատմում է Ասլան Մխիթարյանը:
«Կասկադից դեպի Ազատության պողոտա բարձրացող հատվածն այժմ ամբողջությամբ անխնամ է: Շինարարական փոսորակը որոշ քաղաքացիներ դարձրել են աղբավայր: 2013 և 2019 թվականներին հիմնադրամը քաղաքապետարան է ներկայացրել երկու էսքիզային տարբերակ, որոնց, սակայն, մասնագետները հավանություն չեն տվել: Փաստորեն մինչ օրս չկա ներկայացված վերջնական առաջարկ և մինչ հիմա որևէ ներդրում սեփականտիրոջ կողմից չի արվել»,-նշվում է հաղորդագրությունում:
«Այդ հատվածը պետք է անպայման կառուցվի, որովհետև դա Երևանի կենտրոնական մասի ամենահետաքրքիր մասն է»,- նշում է Ալ. Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը:
Այսօր համայնքը միջոցներ է ձեռնարկում ավարտելու «Կասկադ» համալիրի շինարարությունը: Տարեսկզբին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է վերսկսել բանակցությունները «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի հետ:
«Մեր կողմից առաջարկվել է քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող համալիրի տարածքի արդիականացման նպատակով հիմնադրամի հետ համատեղ մշակել և իրականացնել ներդրումային նոր ծրագիր: Այս համատեքստում Երևանի քաղաքապետարանը բաց է լիարժեք օժանդակություն ցուցաբերելու և համապատասխան գործիքակազմ ներդնելու տեսանկյունից»,-ասում է Մերի Հարությունյանը:
Խնդրի առնչությամբ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը դեռ քննարկում է անում:
Նշվում է, որ հայկական պատմությունը, ճարտարապետությունն ու մշակութային ժառանգությունը մեկտեղող «Կասկադ» համալիրն ամբողջանալուց հետո կարող է վերածվել տարածաշրջանային մշակութային կենտրոնի: