ՀՀ արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) տարածել է հայտարարություն Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ։
«1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների խորհուրդը կայացրեց պատմական որոշում` խաղաղ միջոցներով պայքարել արցախահայության նկատմամբ էթնիկ խտրականության և զտումների տասնամյակների քաղաքականության դադարեցման և ինքնորոշման իրավունքի իրացման համար։
1988 թվականի այս իրադարձությունները հիմք դրեցին համահայկական շարժման՝ հանուն սեփական հայրենիքում ազատ, արժանապտիվ և անվտանգ ապրելու և իրավունքների պաշտպանության պայքարի։
Այս իրադարձություններից 34 տարի անց՝ չնայած տեղի ունեցած արհավիրքների` Ադրբեջանական ԽՍՀ կողմից իրականացված դաժան ջարդերին, էթնիկ զտումներին, ապա Ղարաբաղյան արյունալի 2 պատերազմներին, Հայաստանն ու Արցախը շարունակում են միակամ լինել համազգային իղձերի իրականացման, պետականության և ինքնիշխանության, արցախահայության իրավունքների և հայրենիքի միջազգային ճանաչման համար արդար պայքարում»,-ասված է ԱԳՆ հայտարարությունում։
Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը (ԱՀ ԱԺ) փետրվարի 18-ին գումարած արտահերթ նիստում Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ ընդունած հայտարարությամբ վերահաստատել է իր հավատարմությունը 1988թ. փետրվարի 20-ի պատմական որոշմանը և վճռականությունը՝ պաշտպանելու հայրենի հողում ազատ ապրելու իր իրավունքը։ Արցախի պատգամավորները նաև կոչ են արել Մինսկի խմբի համանախագահներին անհապաղ քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ-ից ստացած մանդատին համապատասխան ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ բանակցային գործընթացը վերսկսելու համար: