Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը (ԱՀ ԱԱԾ) հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության դատախազության կողմից Արցախի Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու մասին տարածած հաղորդագրությամբ պայմանավորված մեր հասարակության շրջանում առաջացած մտահոգությունը ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը վստահեցնում է, որ ծառայությունը ի զորու է ապահովելու իր առջև դրված ինչպես պետական պաշտոնատար անձանց անվտանգությունը ի դեմս հանրապետության նախագահի, այնպես էլ Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու և Արցախ այցելած անձանց անվտանգությունը՝ իրականացնելով լրացուցիչ միջոցառումներ»։
Հիշեցնենք՝ փետրվարի 15-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը հայտարարել է, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շուտով կկալանավորվի և կկանգնի դատարանի առաջ. Բաքուն Հարությունյանին մեղադրում է 2020-ի հոկտեմբերին «Գյանջայի վրա հրթիռային հարձակման» համար։
Փաստի առնչությամբ համատեղ հայտարարություն են տարածել Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները՝ ընդգծելով, որ հետապնդելով Արցախի նախագահին՝ Բաքուն քողարկում է սեփական պատերազմական հանցանքները։