«Ես տուն-տեղ կորցրել եմ՝ 12 տոկոսով վարկ ու՞մ ա ձեռնատու»․ տեղահանված արցախցիները կարգավիճակ են պահանջում - RadioVan.fm

Онлайн

«Ես տուն-տեղ կորցրել եմ՝ 12 տոկոսով վարկ ու՞մ ա ձեռնատու»․ տեղահանված արցախցիները կարգավիճակ են պահանջում  

2022-02-18 16:39 , Общество, 1316

«Ես տուն-տեղ կորցրել եմ՝ 12 տոկոսով վարկ ու՞մ ա ձեռնատու»․ տեղահանված արցախցիները կարգավիճակ են պահանջում

44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված բազմաթիվ քաղաքացիներ այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացրել նախ՝ Հանրապետության հրապարակում, ապա՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի առջև։

Նրանք պահանջում են իրենց, վերջապես, որպես փախստական ճանաչել։ Համոզված են՝ իրենց փրկությունը այդ կարգավիճակը ստանալն է։

«Ի տարբերություն ՀՀ կառավարության, Ֆրանսիայի դեսպանատունն արձագանքել է, ասել են, որ կապը պահպանենք իրենց հետ, իրենք պատրաստ են օգնել, անհրաժեշտության վերջին աստիճանը՝ ֆրանսիայում ապաստարան գտնելու հարցը կդրվի»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց Հադրութի շրջանի Տող գյուղից տեղահանված 68-ամյա Վլադիկ Ղահրյանը՝ նշելով, որ այստեղ հնարավոր չէ սոցիալական որևէ հարց լուծել, աջակցությունն էլ հավասարապես չի տրվում։

Հավաքվածներին չի գոհացնում նաև ՀՀ կառավարության՝ երեկ հաստատած Արցախի 3000-ից ավելի տեղահանված ընտանիքների հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում պետական աջակցության ծրագիրը։

«Մեզ ասում են 12 տոկոսով վարկ ենք տալիս, ես տուն-տեղ կորցրել եմ՝ 12 տոկոսով վարկ ու՞մ ա ձեռնատու։ Ես այստեղ վարձով եմ ապրում, 25 հազար դրամ աջակցություն էին տալիս, ասեցին՝ շատ է, հիմա 20 հազար են դարձրել: Աշխատանքի էլ չեն վերցնում, Հայաստանում 35 տարեկանից բարձր կանանց աշխատանքի չեն վերցնում: Չգիտեմ՝ պիտի գլխատե՞ն կանանց 35 տարեկանից բարձր, թե չէ»,-ասաց Շուշիից տեղահանված մի կին, որը ձեռնափայտով էր քայլում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ Թուրքիայի աջակցությամբ և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ 2020-ին Արդրբեջանի սանձազերծած պատերազմը, 44 օր տևած թեժ մարտերից ու բազում կորուստներից հետո, ավարտվեց 2020-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների ստորագրած Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին հայտարարությամբ, որը ուժի մեջ մտավ նոյեմբերի 10-ին։

Համաձայն հայտարարության՝ Ղարաբաղին հարակից յոթ շրջանները, Շուշի քաղաքը, ԼՂԻՄ կազմում ընդգրկված մի շարք բնակավայրեր հանձնվեցին Ադրբեջանի վերահսկողությանը։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ներկայում ավելի քան 40 հազար արցախցի է զրկված իր տնից:

Արցախի Ազգային ժողովը, նախ, 2021-ի մարտի 1-ի հայտարարությամբ, ապա՝ այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունած «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» և «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքները սահմանեց բռնազավթված։

Արցախի վերածնունդի օրվա կապակցությամբ ընդունած հայտարարությամբ էլ՝ Արցախի Ազգային ժողովը վերահաստատել է իր հավատարմությունը 1988թ. փետրվարի 20-ի պատմական որոշմանը և վճռականությունը՝ պաշտպանելու հայրենի հողում ազատ ապրելու իր իրավունքը․ կոչ է արվել Մինսկի խմբի համանախագահներին անհապաղ քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ-ից ստացած մանդատին համապատասխան ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ բանակցային գործընթացը վերսկսելու համար:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть