Ստեփանակերտի N3 դպրոցում բացվել է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կրթական առաջին աշխատանոցը:
«Արմաթն օդում» ծրագրի շրջանակներում «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության», Արմաթի 500 խմբավարների ու թիմի անդամների շնորհիվ հնարավորություն է ընձեռվել արցախցի պատանիներին յուրացնելու անօդաչու թռչող սարքերի նախագծման, պատրաստման, ծրագրային ապահովման և կառավարման առանձնահատկությունները:
Լուրը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում Արցախի այլ դպրոցներում ևս նման աշխատանոցներ կհիմնեն, կառավարությունն էլ պատրաստ է աջակցել այդ ծրագրերին:
«Կարևոր է նման տեխնոլոգիական ու կիրառական գիտելիքի ու հմտությունների տրամադրումը մեր երեխաներին, որոնք արդեն հնարավորություն կունենան բարձրագույն կրթության ոլորտ մտնել կոնկրետ կողմնորոշումներով, գիտելիքներով ու նպատակներով: Շատ ուրախ եմ, որ այսպիսի կիրառական լուծումները և՛ առաջադեմ են, և՛ համապատասխանում են մեր կարիքներին ու ռազմավարական նպատակներին:
Ի ԳՈ՛ՐԾ…»,-եզրափակել է գրառումը Բեգլարյանը։