Հայաստանից ուղարկված նմուշներով Եվրոպայում հետազոտվում է 17-20 տարեկան աղջիկների մեզի մեջ մարդու պապիլոմավիրուսի ԴՆԹ-ի առկայությունը - RadioVan.fm

Онлайн

Հայաստանից ուղարկված նմուշներով Եվրոպայում հետազոտվում է 17-20 տարեկան աղջիկների մեզի մեջ մարդու պապիլոմավիրուսի ԴՆԹ-ի առկայությունը

2022-02-17 20:28 , Общество, 1360

Հայաստանից ուղարկված նմուշներով Եվրոպայում հետազոտվում է 17-20 տարեկան աղջիկների մեզի մեջ մարդու պապիլոմավիրուսի ԴՆԹ-ի առկայությունը

Որքանո՞վ է Հայաստանում տարածված մարդու պապիլոմա վիրուսը (ՄՊՎ). հարցի պատասխանը ստանալու նպատակով ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարող արգենտինական FIDEC Armenia հիմնադրամը Քաղցկեղի հետազոտման միջազգային գործակալության (Ֆրանսիա` Լիոն) հետ համատեղ հետազոտություն է անցկացնում: 2019-ին սկսված հետազոտությունների վերջնական արդյունքներն ակնկալվում է ունենալ այս տարեվերջին։ Եռափուլ հետազոտության մի բաղադրիչը 17-20 տարեկան աղջիկների մեզի մեջ մարդու պապիլոմավիրուսի ԴՆԹ-ի հայտնաբերումն է։

Մանրամասները՝ հիմնադրամի ներկայացուցիչ Մարիաննա Հակոբյանի հետ զրույցում։

Հիշեցնենք՝ մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը Հայաստանի Հանրապետության պատվաստումների ազգային օրացույցում ներդրվել է 2017-ի դեկտեմբերին։ Թիրախային խումբը 2004-ի հուլիսից հետո ծնված 13-14 տարեկան շուրջ 16 հազար աղջիկներ են։

Բնակչության շրջանում առկա մտահոգությունների ֆոնին՝ ՀՀ առողջապահության այդ ժամանակվա նախարար Լևոն Ալթունյանի խոստման համաձայն, մինչ պատվաստումների մեկնարկը, առաջինը պատվաստվեցին նախարարության ղեկավար անձնակազմի և բուժաշխատողների աղջիկները։

Ոլորտի պատասխանատուների գնահատմամբ՝ հակապատվաստումային արշավի հետևանքով 2017-2018 թվականներին պատվաստման բավականին ցածր ցուցանիշներ են գրանցվել․ թիրախային խմբում կատարվել է մոտ 1515 պատվաստում:

Բնակչության շրջանում վստահությունն ու վախերը վերացնելու նպատակով 2019 թվականից պատվաստումների տարիքային շեմը բարձրացվել է՝ ներառելով 13-45 տարեկաններին:

Վերջին տվյալներով՝ կանանց շրջանում արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման նպատակով 2019-2021 թվականներին շուրջ 50 հազար դեղաչափ պատվաստանյութ է ներարկվել։ Ի դեպ, թիրախային խումբը «Գարդասիլ» քառավալենտ պատվաստանյութը ստանում է երկու դեղաչափով՝ վեց ամիս ինտերվալով, իսկ մինչև 45 տարեկանները՝ 3 դեղաչափով։

Ոլորտի պատասխանատուները շեշտում են, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով երեխաների պլանային պատվաստումները՝ այդ թվում ՄՊՎ-ի դեմ, նվազել է։ ՀՀ առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի խոսքով՝ եթե նպատակային միջոցառումների արդյունքում թիրախային խմբում պատվաստումները 5%-ից հասցվել էին 20%-ի, ապա կորոնավիրուսի համաճարակի պատճառով ցուցանիշը նվազել է՝ հասնելով 15%-ի։

Հավելենք՝ ՄՊՎ-ի դեմ պատվաստումներն իրականացվում է տեղամասային պոլիկլինիկաներում կամավորության սկզբունքով, անվճար։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть