Փետրվարի 20-ից մարտի 20-ը Երևանում՝ «Դիզակ Արտ» կենտրոնում բացվելու է «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Արցախյան շարժման 34-ամյակին։
Այդ մասին տեղեկանում ենք կենտրոնի ֆեյսբուքյան հրապարակումից։ Նշվում է, որ ցուցահանդեսում ներկայացվելու է բռնազավթված տարածքների պատմամշակութային հուշարձանների նկարները։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել մեծամասամբ հայոց պատմության և մշակույթի առնվազն 1456 նշանավոր անշարժ հուշարձաններ, այդ թվում՝ 161 վանքեր և եկեղեցիներ, 591 խաչքարեր, Տիգրանակերտի, Ազոխի, Նոր Կարմիրավանի, Միրիկի, Կերենի հնավայրերն ու բազմաթիվ բերդեր, ամրոցներ, սրբավայրեր և այլ հուշարձաններ: Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել նաև 8 պետական թանգարաններ՝ 19311 ցուցանմուշներով, ինչպես նաև Շուշիի գորգերի ու Հայկական դրամի մասնավոր թանգարանները:
Հիշեցնենք՝ երեկ՝ փետրվարի 16-ին, Արցախի Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է «Բռնազավթած տարածքների» մասին օրենքի նախագիծը, որով բռնազավթված է համարում Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում *-ով, **-ով և ***-ով նշված շրջանները, համայնքները և բնակավայրերը, ինչպես նաև այդ շրջանների տարածքում ընդգրկված հողերը և ջրային ռեսուրսները։