Փետրվարի 21-22-ին Երևանում տեղի կունենան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը:
Ազգային ժողովի (ԱԺ) պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նիստերին կմասնակցեն Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ:
«Պլանավորվում է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորների այցը Երևան:
Եվրանեսթի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի, Էներգետիկ անվտանգության հարցերի, Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստերը կանցկացվեն փետրվարի 22-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում»,-ասված է հաղորդագրությունում: