Այսօր N զորամիավորման ստորաբաժանումներից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ:
ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) հաղորդմամբ՝ գումարտակը բերվել է մարտական պատրաստականության աստիճանի, ստուգվել են զինծառայողների ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունն ու մասնագիտական գիտելիքներն ու դրանց գործնական կիրառման հմտությունները:
ՊՆ տարածած մել այլ հաղորդագրությունից էլ տեղեկանում ենք, որ անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի բարելավման և զինվորական կարգապահության խնդիրների քննարկման նպատակով փետրվարի 14-ից 16-ն էլ N զորամիավորումում անցկացվել են մեթոդագործնական հավաք-պարապմունքներ։ Քննարկվել են անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման, զինվորական կարգապահության ամրապնդման, մարտական հերթապահության կազմակերպման հետ կապված հարցեր։ Ներկայացվել են առկա բացթողումները և դրանց շտկմանն ուղղված անհրաժեշտ քայլերը, սահմանվել առաջիկա անելիքները։ Ցուցումներ են տրվել առանձնահատուկ ուշադրություն դարձնել զինվորական կարգապահության ամրապնդմանն ու զինծառայողների սոցիալական երաշխիքների ապահովմանն ուղղված աշխատանքներին։
Միաժամանակ հաղորդվում է, որ զորամիավորումներում և զորամասերում շարունակվում են ձմեռային զորակոչի շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողությունները։
Փետրվարի 15-ին երդման արարողություն է անցկացվել N զորամասում։ Հրամանատարական կազմի, տեղական ինքնակառավարման մարմինների և հոգևոր դասի ներկայացուցիչների, հարազատների ներկայությամբ նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները: Զորամասի հրամանատարը շնորհավորել է նորակոչիկներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն։