Արցախի ԱԺ-ն օրինագծով բռնազավթված ճանաչեց Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքները - RadioVan.fm

Онлайн

Արցախի ԱԺ-ն օրինագծով բռնազավթված ճանաչեց Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքները

2022-02-16 17:40 , Политика, 982

Արցախի ԱԺ-ն օրինագծով բռնազավթված ճանաչեց Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքները

Արցախի Հանրապետության Ազգային ժողովն (ԱՀ ԱԺ) այսօր կայացած հերթական նիստում առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է «Բռնազավթած տարածքների» մասին օրենքի նախագիծը, որը սահմանում է 1991-1994 և 2016 թվականներին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքների (այսուհետ` բռնազավթված տարածքներ) իրավական կարգավիճակի ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմի, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանության ու պաշտպանության հետ կապված հարաբերությունները։

Օրինագծով բռնազավթված տարածքներ են համարվում`

1) Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում *-ով, **-ով և ***-ով նշված շրջանները, համայնքները և բնակավայրերը, ինչպես նաև այդ շրջանների տարածքում ընդգրկված հողերը և ջրային ռեսուրսները։

Ամրագրվում է, որ բռնազավթված տարածքներն Արցախի Հանրապետության անբաժանելի մասն են, որոնց վրա տարածվում է Արցախի Հանրապետության օրենսդրության գործողությունը:

Հիմնական զեկուցող, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արթուր Մոսիյանը նշել է, որ խորհրդարանը Արցախի բռնազավթված տարածքների վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացրել էր 2021 թվականի մարտի 1-ի հայտարարությամբ և քննարկվող նախագծերի փաթեթի ընդունմամբ այդ դիրքորոշումը օրենքի տեսք է ստանալու:

Նրա խոսքով՝ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Ադրբեջանի կողմից Արցախի շրջանների դեօկուպացիայի, Արցախի հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման, արցախյան հակամարտության հիմնարար և համապարփակ կարգավորման ուղղությամբ առաջանցիկ քայլերի իրականացմամբ, հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման, բռնի, ինչպես նաև ներքին տեղահանված անձանց և փախստականների՝ իրենց բնակավայրերը վերադառնալու հրամայականով:

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդգծել է, որ օրինափաթեթը անվտանգության բաղադրիչ է պարունակում:

Կառավարության եզրակացությունը ներկայացրել է ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ Նա կարևորել է օրինափաթեթի ընդունումը Արցախի ժողովրդի անցյալի, ներկայի ու ապագայի հանդեպ ունեցած տեսլականն ամրագրելու տեսանկյունից:

Օրինափաթեթը քվեարկության է դրվել ու միաձայն ընդունվել առաջին ընթերցմամբ: Մինչև փետրվարի 17-ի ժամը 17:00-ը պատգամավորներն ու գործադիրը առաջարկություններ անելու հնարավորություն ունեն:

Հիշեցնենք՝ 2020-ի 44-օրյա պատերազմից 4 ամիս անց՝ 2021-ի մարտի 1-ին, Արցախի խորհրդարանը հայտարարություն ընդունեց՝ արձանագրելով, որ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքները օկուպացված են։ Ընդծվեց՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից բռնազավթված՝ Արցախի Հանրապետության շրջանների դեօկուպացիան Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման, Արցախյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման ուղղությամբ առաջանցիկ քայլերի իրականացման, հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման, բռնի, ինչպես նաև ներքին տեղահանված անձանց և փախստականների՝ իրենց բնակավայրեր վերադարձի ապահովման հրամայական է:

Лента

Рекомендуем посмотреть