Երևանի Կենդանաբանական այգու տնօրենը հայտնում է այգու յագուարի սատկելու մասին։
Ֆեյսբուքյան իր էջում Արևիկ Մկրտչյանը, մասնավորապես, գրել է․
«Թեպետ վատ լուրով, միևնույն ժամանակհավատարիմ մնալով թափանցիկ աշխատելաոճին՝ հայտնում եմ, որ Կենդանաբանական այգու յագուարին առավոտյան գտել ենք անշարժացած:
Որևէ կլինիկական ախտանշան վերջին 3-4 օրվա ընթացքում, բացի դժվարաշնչությունից, չի եղել: Կերից հրաժարվել է միայն նախորդ օրը երեկոյան:
Կատարել ենք հակաբիոտիկային բուժում, որից հետո յագուարն ակտիվացավ, սկսեց կես բաժնի փոխարեն մեկն ուտել:
Մահը հանկարծակիի բերեց բոլորիս առավոտ կանուխ՝ առաջացնելով բազմաթիվ հարցեր:
Այսօրիմ հրավերով Այգի են ժամանել ՀՀ ՍԱՏՄ աշխատակիցները, լաբորատորիայի գլխավոր դիահերձողն ու Ագրարային համալսարանի լավագույն պրոֆեսորները՝ դիահերձում կատարելու, 10 տարեկան կենդանու հանկարծակի մահվան պատճառը պարզելու համար:
Նախնական ախտորոշմամբ պատկերը բնորոշ էքրոնիկ բրոնխոպնևմոնիայի. ախտահարված էին կենդանու թոքերը, բրոնխները, լյարդն ու փայծաղը:Թոքերի շուրջ և տարածված կային նաև տեսանելի հյուսվածքներ, որ նորագոյացության կասկած տվեց, ինչը պարզելու համար կենսանմուշն ուղարկեցինք հիստոպաթոլոգիական անալիզի:
Լրացուցիչ իրականացրել ենք տոքսոպլազմոզի ստուգում՝ դրական ելքով (որի համար կա հավանական 2 պատճառ՝ տարածքի թափառող կատուներ+սննդակարգի վարակված միս, բայց սա մահվան պատճառ լինել չէր կարող), նմուշի մանրէաբանական լաբ. ստուգում, ինչպես նաև թունաբանություն՝ բացառելու համար բոլոր այլ գործոնները:
Լաբորատոր և դիահերձման պատասխանները պարզ կլինեն 3-4 օրվա ընթացքում, որի արդյունքները լինելուն պեսկհրապարակեմ:
Նախքան դա խնդրում եմ բոլորին նվազագույնը սպասել մասնագիտական եզրահանգմանը և զերծ մնալ սուբյեկտիվ դատողություներից ու չհիմնավորված ենթադրություններից:
Յագուարին ներմուծել եմ ես՝ Վրաստանի Հանրապետությունից, դեռ 2013թ-ին: Կենդանին ընդամենը 3 տարի ցուցադրվեց, իսկ 2016թ.-ի վերակառուցումից հետո մինչ օրս պահվեց Այգու կարանտինային շենքում, ուր ջեռուցումն, իմ տվյալներով, մշտապես խնդիրներ է ունեցել:
Կենդանու հիվանդության պատմություն/անկետա գոյություն չունի: Կլինիկական ախտանիշներ նկարագրված չկան, սակայն ցանկացած կենդանաբույժ կհավաստի, որ բրոնխիտային - թոքային պրոցեսը ժամանակին չհայտնաբերելն ու չբուժելն անհետևանք մնալ չէր կարող:
Հիստոպաթոլոգիան կտա բոլոր հարցերի պատասխանները, վերջնական եզրակացությունը կհաջորդի:
Յագոն իմ սիրելին էր՝ Երևանին նվիրաբերված առաջին կատվազգին...»։
Հիշեցնենք՝ «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի Կառավարման խորհուրդը վերջերս հայտարարություն էր տարածել՝ հորդորելով նախկին աշխատակիցներին «զերծ մնալ չստուգված տեղեկությունների վրա հիմնված գործողություններից, որոնց արդյունքում տուժում են, առաջին հերթին, կենդանիները․առիթը այն էր, որ Երևանի կենդանաբանական այգում տարբեր տարիներին աշխատած մասնագետները որոշել էին այգու դիմաց բողոքի ակցիա անցկացնել՝ «ընդդեմ կենդանիների շարունակական անկման և ապաշնորհ կառավարման»։