Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով հերքում է տարածվող լուրերը և պահանջում պատասխանատվության ենթարկել արարքի հեղինակներին։
Հայտարարությունում, մասնավորապես, ասված է․
«ՀՅ Դաշնակցության դեմ ծավալվող սև քարոզչության շրջանակներում տարածվել է հերթական զազրելի սուտը, առ այն, որ վերջերս ԱԱԾ-ի կողմից պետական դավաճանության առերևույթ հանցագործության բացահայտման շրջանակներում ձերբակալվել է իբր Դաշնակցության «Հայդուկ» ջոկատի ոմն հրամանատար:
Սույնով տեղեկացնում ենք, որ Դաշնակցությունը չունի և չի ունեցել «Հայդուկ» ջոկատ։ Հետևաբար, այն պնդումները, թե իբր այս ջոկատի շտաբը գտնվել է ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում, նույնպես սուտ է: Բացի դրանից՝ ԱԱԾ-ի հրապարակած տեսանյությում առկա անձինք ՀՅ Դաշնակցության հետ որևէ առնչություն չունեն, մասնավորապես՝ նրանցից որևէ մեկը դաշնակցական չէ և չի եղել։
Պահանջում ենք իրավապահ մարմիններից՝ բացահայտել և պատասխանատվության ենթարկել քրեորեն պատժելի այս արարքի հեղինակներին, մասնավորապես՝ սուտ մատնության հատկանիշներով անհապաղ հարուցել քրեական հետապնդում:
Անբարոյականություն է ուրանալ ՀՅ Դաշնակցության դերակատարությունն ու դաշնակցականների անձանազոհությունը ազատագրական պայքարում:
Դիմում ենք վերոնշյալ հերյուրանքը տարածած լրատվականներին՝ հրապարակել այս հերքումը։
ՀՅԴ Գերագույն մարմնի լրատվական ծառայություն»։
Հիշեցնենք՝ օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց զինված ուժերին առնչվող լրտեսական ցանցի չեզոքացման ու 19 անձի ձերբակալման մասին։