Երկրաշարժից գրանցվել են մասնակի փլուզման դեպքեր Երևանում, Լոռու և Շիրակի մարզերում - RadioVan.fm

Онлайн

Երկրաշարժից գրանցվել են մասնակի փլուզման դեպքեր Երևանում, Լոռու և Շիրակի մարզերում

2022-02-14 15:31 , Общество, 1151

Երկրաշարժից գրանցվել են մասնակի փլուզման դեպքեր Երևանում, Լոռու և Շիրակի մարզերում

Փետրվարի 13-ին ժամը 22։25-ից մինչև փետրվարի 14-ի ժ․00։30-ը երկրաշարժից հասցված վնասներին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության (ԱԻՆ ՓԾ) ստորաբաժանումների կողմից 10 դեպքով արձագանքում է իրականացվել։

ԱԻՆ-ից հայտնում են, որ Երևան քաղաքում արձանագրվել է 5 դեպք. ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 68ա շենքի 2-րդ հարկի պատշգամբը։ Դեպքի վայր է մեկնել թիվ 3 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, պարզվել է, որ շենքի մուտքի պատշգամբից պոկվել է երկու քար։ Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը և հեռացրել քարերը։

Ահազանգ է ստացվել, որ մասամբ փլուզվել է Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10 շենքի պատը։ Դեպքի վայր է մեկնել 15 ՓՋ-ն, պարզվել է, որ վթարային շենքի պատից թափվել է 8 հատ քար։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Մի քանի շենքերի բնակարաններում, ըստ ահանզանգերի՝ առաջացել են ճաքեր կամ լայնացել են առկա ճեղքերը։

Լոռու մարզում արձանագրվել է 4 դեպք. ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Ստեփանավան քաղաքի Սոս Սարգսյան փողոցի թիվ 2 տան նկուղի պատը։ Դեպքի վայր է մեկնել թիվ 40 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, պարզվել է, որ տան նկուղի պատից փլուզվել է մոտ 3 ք․մ հատված, տուժածներ չկան։ Ալավերդու, Ստեփանավանի, Վանաձորի մի քանի շենքերից պոկվել են քարեր, ծեփամածիկ, երեսպատման սալիկներ:

Շիրակի մարզում 1 դեպք. ահազանգ է ստացվել, որ քարեր են թափվել Գյումրի քաղաքի Անտառավան 3-րդ թաղամասի թիվ 26 շենքից: Դեպքի վայր է մեկնել թիվ 48 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, պարզվել է, որ թիվ 26 շենքի (3-րդ, մասնակի 4-րդ կարգի վթարային) 4-րդ և 5-րդ հարկերից թափվել է 8 քար (մոտ 15 ք.մ): Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը:

Նույն օրը կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ և Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահների հետ՝ ճշգրտվել Վրաստանի Հանրապետությունում օպերատիվ իրավիճակը՝ փլուզումներ և ավերածություններ չկան։

Հիշեցնենք՝ երեկ՝ 22։25-ին, Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, երկրաշարժ է գրանցվել՝ օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով: Ըստ ԱԻՆ-ի` էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալլ, երկրաշարժը զգացվել է Տավուշի, Կոտայքի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալլ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3-4 բալլ ուժգնությամբ:

Հայաստանի ԱԻՆ-ը 23:44-ին հաղորդեց, որ տվյալ պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը շարունակվում է։ «Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է։ Բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները։ Հնարավոր է լինի հետցնցում, որը կզգացվի բնակչության կողմից, սակայն հորդորում ենք խուճապի չմատնվել»,-նշել էր գերատեսչությունը տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть