Այսօր Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դպրոցների և մանկապարտեզների ՀՀԿ-ական տնօրենները, ովքեր դիմել էին դատարան՝ ընդդեմ ձայնագրություններ հրապարակած «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոանիսյանի, հրաժարվել են հայցից: «Բոլոր հայցվորները որոշել են հրաժարվել հայցից և լիազորել էին մեզ՝ փաստաբաններիս, որ այսօր նրանց անունից հանդես գայինք դատարանում: Հայցից հրաժարվելով՝ տնօրեններն օգտվել են իրենց վերապահված իրավունքներից»,-լրագրողներին ասել է ուսուցիչների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Սեդրակյանը՝ վկայակոչելով հայցվորներից Սուսաննա Գալստյանի՝ վերջերս տված հարցազրույցը, որով նահայտարարել էր, որ հրաժարվելու է հայցից, քանի որ պետք է ներողամիտ գտնվել:
Հիշեցնենք՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հրապարակել էր ձայնագրություններ, որոնցում հանրապետության բոլոր մարզերը և Երևանի բոլոր տարածքները ընդգրկող թվով 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրեններ խոստովանում են, որ Հանրապետական կուսակցության օգտին ընտրողների ցուցակներ են կազմել:
Շուրջ 30 տնօրեններ, կազմակերպության քայլը զրպարտություն որակելով, դիմել էին դատարան՝ պահանջելով հարպարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և որպես փոխհատուցում վճարել 2-ական մլն դրամ, ընդհանուր առմամբ՝ 60 մլն դրամ: