Պատերազմի ընթացքում Դ-20 հրետանային դիվիզիոնի հրամանատարի տեղակալը փախել է դիրքից, 20 զինվոր զոհվել է. քրգործը ուղարկվել է դատարան - RadioVan.fm

Онлайн

Պատերազմի ընթացքում Դ-20 հրետանային դիվիզիոնի հրամանատարի տեղակալը փախել է դիրքից, 20 զինվոր զոհվել է. քրգործը ուղարկվել է դատարան

2022-02-11 16:57 , Право, 1367

Պատերազմի ընթացքում Դ-20 հրետանային դիվիզիոնի հրամանատարի տեղակալը փախել է դիրքից, 20 զինվոր զոհվել է. քրգործը ուղարկվել է դատարան

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի (ԱՀ ՊԲ) N զորամասի համապատասխան հրամանատարական կազմի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում 2021թ. օգոստոսի 25-ին ՊԲ զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի (ՀԴ) շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, կոչումով մայոր, Գ.Գ.-ին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար:

Այդ մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Ըստ հաղորդագրության՝ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Գ.Գ.-ն, պաշտոնի բերումով լինելով նույն դիվիզիոնի ժամկետային և կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով` սեփական կյանքը փրկելու նպատակով, դրսևորել է իշխանության անգործություն:

«2020թ. հոկտեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաններում Վարանդայի/Ֆիզուլի/ շրջանում գտնվող «Ջուվառլու» կոչվող տեղամասում մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում հակառակորդի զինված խմբի կողմից կրակային դիրքի ձախակողմյան հատվածում տեղակայված նույն դիվիզիոնի 1-ին մարտկոցի անձնակազմի ուղղությամբ գրոհ ձեռնարկելուց և տարբեր զինատեսակներից կրակոցներ արձակելուց անմիջապես հետո ենթակա անձնակազմին օգնության հասնելու, ինքնապաշտպանությունը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում վերջիններիս տարհանումը կազմակերպելու, ստորաբաժանման անընդմեջ ղեկավարումը կազմակերպելու և ապահովելու, ենթականերին իրավիճակից բխող խնդիրներ առաջադրելու փոխարեն ԳԱԶ 33081 մակնիշի ավտոմեքենայով՝ առանց հետամուտ լինելուանգամ տվյալ մեքենայի անձնակազմի նստեցումը կազմակերպելուն, փախուստի է դիմել կրակային դիրքից: Այդ գործողություններն առաջացրել են նյութական ծանր հետևանքներ. առանց պատշաճ ղեկավարման մնացած 1-ին մարտկոցի անձնակազմը թեև փորձել է հնարավոր միջոցներով և եղանակներով պաշտպանվել, սակայն հրամանատարական ղեկավարման բացակայության պայմաններում դա չի հաջողվել: Եվ համակարգված մարտական գործողություններ վարելու և միասնական ղեկավարման բացակայության հետևանքով զոհվել է նույն դիվիզիոնի 1-ին մարտկոցի թվով 20 զինծառայող:

Զորամասի Դ-20 ՀԴ շտաբի պետ, մայոր Գ.Գ.-ին վերաբերելի մասն անջատվել է ընդհանուր գործից առանձին վարույթում, այդ մասով հայտարարվել է նախաքննության ավարտ:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործը Գ.Գ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ըստ էության քննության համար:

Քրեական գործի մնացած մասով նախաքննությունը շարունակվում է: ՀՀ զինվորական դատախազության պատշաճ դատավարական հսկողության և հատուկ հետևողականության պայմաններում ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ 2020թ. պատերազմին առնչվող նշված դրվագով՝ նշված տեղամասում ծավալված մարտական գործողությունների ընթացքում զինծառայողների համար ողբերգական հետևանքների առաջացման բոլոր հանգամանքները պարզելու և դրա համար պատասխանատու բոլոր անձանց արարքներին քրեաիրավական գնահատականներ տալու համար»,-ասված է դատախազության տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ցորի զորամասի Դ-20 հրետանային 1-ին դիվիզիոնի զինծառայողներն անհայտ կորած էին համարվում։ Նրանց հարազատները պարբերաբար բարձրաձայնում էին այն մասին, որ հնարավորություն է եղել հետնահանջի, բայց իրենց երեխաներին տարել են փակուղի։

2021-ի սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը նշյալ դիվիզիոնի զինծառայողներ Ռուբեն Պողոսյանի քեռին՝ Եղիշե Զաքունցը, Արթուր Ասրյանի և Արտակ Միքայելյանի հայրերը՝ Արմեն Ասրյանն ու Ջիվան Միքայելյանն ընդգծել էին, որ իրենց հարազատների մահվան կամ անհայտ կորելու համար մեղավոր է ոչ միայն այդ պահին կալանքի տակ գտնվող հրետանային դիվիզիոնի շտաբի պետ Գևորգ Գևորգյանը, ով, նրանց խոսքով, առաջինն է փախուսի դիմել, մինչդեռ պարտավոր էր ապահովել այդ ստորաբաժանումների կանոնավոր դուրս գալը, այլ նաև գնդապետ Գենադի Բաղդասարյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ներկայում ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Ջալալ Հարությունյանը, 1-ին մարտկոցի ավագ սպա Գոքորյանը։

Ցորի զորամասի 11 զինվորի աճյուններն ադրբեջանական կողմը 44-օրյա պատերազմի ավարտիցավելի քան մեկ տարի անց՝ 2021-ի նոյեմբերի 2-ին փոխանցեց Հայաստանին։

Դեկտեմբերի 2-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց հրետանային դիվիզիոնի զինծառայողների հուղարկավորության եկեղեցու կարգը։

Հավելենք՝ զինծառայողները հետմահու պարգևատրվել են Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» շքանշանով:

Лента

Рекомендуем посмотреть