Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ փետրվարի 10-ին Կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Օրակարգային հարցը վերաբերել է Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության համար մրցութային գործընթաց սկսելուն։
«Ծրագրի իրագործումը հնարավորություն կտա մեծացնել հետաքրքրությունը Հայաստանի տարածքով տարանցիկ երթևեկության նկատմամբ, ապահովել Հայաստանի Հանրապետության հարավային շրջանների անվտանգությունը, նպաստել դրանց տնտեսական զարգացմանն ու բնակչության կենսամակարդակի բարելավմանը»,-կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասել է փոխվարչապետը՝ ընդգծելով, որ Սիսիան-Քաջարան հատվածի կառուցումը Կառավարության առաջնահերթություններից է։
Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի նախագծի համաձայն՝ նախատեսվում է կառուցել II–րդ տեխնիկական կարգի, 100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ, շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհահատված, այդ թվում՝ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ թունելներ, որոնցից ամենաերկարը` Բարգուշատի թունելն է՝ 8.6 կմ երկարությամբ:
Արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը մոտ 58 կմ-ով, տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունն ավելացնել և սահմանել շուրջ 100 կմ/ժ, երթևեկության տևողության ժամանակը նվազեցնել մոտ 1,5-2 ժամով, ինչպես նաև բարձրացնել հարմարավետությունն ու անվտանգությունը։
Ծրագիրը ներառված է ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ուղենիշ 2–ում, որի շրջանակներում կառավարությունից նշում են, որ արդյունավետ համագործակցում են Եվրամիության, Եվրոպական ներդրումային բանկի և ՎԶԵԲ գործընկերների հետ՝ Ծրագրի հետագա ֆինանսավորման և իրագործման ուղղությամբ։