Այսօր՝ փետրվարի 11-ին, ժամը 05:50-ի սահմաններում, Արցախի Հանրապետության (ԱՀ) Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ։
Այդ մասին հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։
Գեղամ Ստեփանյանն ընդգծում է, որ, հաշվի առնելով բնակավայրերի և ադրբեջանական դիրքերի միջև առկա հեռավորությունը և այն, որ գյուղի բնակելի հատվածը ուղիղ դիտարկվում է ադրբեջանական դիրքերից, անհերքելի է այն հետևությունը, որ ադրբեջանական կողմը ուղիղ թիրախավորել է խաղաղ բնակիչների տները, որի հետևանքով վնասվել են բնակելի տներ՝ տան պատեր, տանիքներ։
«Խաղաղ բնակիչներին ահաբեկելուն ուղղված նույն գործողությունների ընթացքում խոցվել է նաև Կարմիր շուկա համայնքի բնակչի տան պատուհանը, իսկ գնդակը ներթափանցել է տան հյուրասենյակ, որտեղ գտնվում էին կրակոցների ձայնից քնից արթնացած տանտիրոջ անչափահաս երեք երեխաները և կինը:
Հատկանշական է, որ նկարագրված դեպքը վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի ահաբեկչական պարբերական ակտիվացած գործողությունների հերթական դրսևորումն էր:
ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը նորից փաստում է, որ Արցախի խաղաղ բնակավայրերի մերձակայքում տեղակայված ադրբեջանական զինված հենակետերը և դրանց միջոցով իրացվող հայատյաց ու ահաբեկչական գործողությունները ուղիղ և անառարկելի սպառնալիք են Արցախի բնակչության իրավունքների՝ մասնավորապես կյանքի իրավունքի համար:
Վերահաստատում եմ այն պնդումը, որ Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր գործողությունները կրում են պարբերական ու համակարգված բնույթ, որն նպատակաուղղված է վախի, հուսահատության մթնոլորտ ձևավորելու Արցախում։
Ադրբեջանը շարունակելու է Արցախը ժողովրդի դեմ ուղղված իր հանցավոր փորձերը, քանի դեռ միջազգային հանրությունը միաձայն չի դատապարտել մարդկության դեմ ուղղված ադրբեջանական բացահայտ անօրինականությունները»,-ասված է Արցախի Պաշտպանի տարածած հաղորդագրությունում: