ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին:
Նախագծերի փաթեթի նպատակը դատավորների կենսաթոշակի իրավունքի պայմանների համապատասխանեցումն է Սահմանադրական դատարանի 18.06.2019թ. համապատասխան որոշմանը, ինչպես նաև դատախազների և քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության միասնական պայմանների սահմանումն է։
Նախագծերի փաթեթով առաջարկվում է դատավորի, դատախազի, ինչպես նաև քննչական կոմիտեում, հակակոռուպցիոն կոմիտեում և պետական եկամուտների կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության միասնական համակարգված պայմանները սահմանել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով։ Օրինագծով,մասնավորապես, առաջարկվում է դատավորների համար սահմանել կենսաթոշակի՝ բացառապես օրենքով հաշվարկվող չափ՝ անկախ պաշտոնավարման ժամկետներից, ծննդյան տարեթվից, այն փոխկապակցելով զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի և հավելավճարի հանրագումարին:
«Նախագծով առաջարկվում է կատարել Սահմանադրական դատարանի որոշման կատարումը, որը հակասահմանադրական էր ճանաչել դատավորների համար կենսաթոշակի իրավունքի իրացման պայմանների տարբերակված մոտեցումը: Մենք սահմանում ենք միասնական պայմաններ՝ վերացնելով ՍԴ-ի կողմից արձանագրված խտրական մոտեցումը»,-ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է.
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով օրինագծին, նշել է, որ դրանով սոցիալական խնդիր է լուծվում.
«Մեր հայրենակիցների մի մեծ խմբի թոշակային ապահովման պայմաններն էականորեն բարելավվում են: Դա իրավապահ և դատական համակարգն է»:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Բարձրացվում են դատավորների, դատախազների, քննիչների կենսաթոշակները։ Այստեղ էլ ենք ստանդարտ սահմանում: Դուք գիտեք, որ նման հարցերը շատ զգայուն են և ունեն հանրային զգայունություն: Երբ մենք դատավորների, դատախազների ու քննիչների համար սոցիալական երաշխիքների համակարգ ենք ստեղծում, այդ համակարգը որքան նրանց համար ենք ստեղծում, այնքան էլ՝ ձեզ համար: Մենք դա անում ենք, որ հնարավորինս որակյալ արդարադատություն մատուցվի քաղաքացիներին»:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ միջազգային հետազոտությունները հստակ արձանագրում են, որ Հայաստանի Հանրապետությունում դատական, դատաիրավական բարեփոխումների, անկախ դատական համակարգի հաստատման ուղղությամբ շատ լուրջ քայլեր են ձեռնարկվել և ձեռքբերումներ կան: Մասնավորապես՝ 2021 թվականի դեկտեմբերին Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի հրապարակած զեկույցի համաձայն, Հայաստանի Հանրապետությունն առաջատար երկիր է մի շարք ուղղություններով, այդ թվում՝ անկախ դատական համակարգ ունենալու առումով:
«Կարծում եմ, որ այս որոշումը, այո, ունի սոցիալական իմաստ, այս որոշումն ունի Սահմանադրական դատարանի որոշումը կյանքի կոչելու իմաստ, այս որոշումն ունի արդարադատության ինստիտուտը Հայաստանի Հանրապետությունում կայացնելու իմաստ և հետևաբար՝ այս որոշումն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար արդարադատությունը, իրոք, հասանելի դարձնելու և իրոք արդյունավետ գործիք դարձնելու իմաստ: Հետևաբար՝ սա նաև կարևոր քաղաքական որոշում է»,- նշել է գործադիրի ղեկավարը։